Վարչապետը սրում է իրավիճակը. դատարանի որոշումը

- in Պնակալեզներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ավելի հանգամանալից անդրադարձել է նախօրեին արված գրառմանը՝ Հրայր Թովմասյանի գրչի թեմայով: Նիկոլ Փաշինյանն ասել է, թե գրիչը մանրուք չէ, այլ սկզբունքային հարցի էական խորհրդանիշ, որը վկայում է, որ նոր քաղաքական ղեկավարությունը չի գնա նախկին կեղծիքի հետ անսկզբունք համաձայնության: Փաշինյանը նկատի ունի այն, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծիքով:

Որեւէ ապացուցված կեղծիք առայժմ չկա, թեեւ կա այդ առնչությամբ հարուցված քրգործ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակին, իրադարձության զարգացմանը մանրամասն տեղյակ է երեք մարդ, որոնցից երկուսը իրենց անձնական հարցերից ելնելով ներկայում սուր քննադատություն են իրականացնում վարչապետի դեմ: Թեեւ նա չի մանրամասնել, թե ովքեր են երեքը, բայց հնարավոր է թերեւս ենթադրել, որ խոսքն իր, ՍԴ նախագահի եւ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին է:
Համենայն դեպս, Թովմասյանի հետ ասուլիսով սրված բանավեճի ֆոնին, բավական հապճեպ եւ հետաքրքիր ներգրավում ունեցավ Արթուր Վանեցյանը, գրառում կատարելով Թվիթերում եւ ասելով, թե Իմ քայլը խորհրդարանի մեծամասնությանը հարկ է արդեն ներկայացնել վարչապետի նոր թեկնածու:

Վանեցյանի գրառումն ուշագրավ էր նրանով, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի նախօրեին Հրայր Թովմասյանի տան խուզարկությունից հետո ՍԴ նախագահը լրագրողներին ասել էր, թե կարծում է, որ Արթուր Վանեցյանը կասի ավելին: Թովմասյանի խոսքով, հանրությունը տեղյակ է կատարվողի տասը տոկոսին:

Հրայր Թովմասյանը դա ասել էր գրչի պատմությունից առաջ: Գրիչը 10 տոկոսի մե՞ջ էր, թե՞ Նիկոլ Փաշինյանը բացեց ավելին: Քանի՞ տոկոս մնաց, որ բացված չէ: Եվ ո՞վ է բացելու տեղի ունեցող պատմության մնացած տոկոսները: Ակնառու է, որ վարչապետ Փաշինյանը գնացել է իրավիճակի կանխամտածված սրացման:

Արդյոք այն նպատակով, որ սրի նաեւ «բացվելու» պատասխանատվության հարցը Հրայր Թովմասյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ: Համենայն դեպս հատկանշական էր, որ Հրայր Թովմասյանը հույս էր հայտնել, թե Վանեցյանը կասի ավելին: Այդ հույսը կարծես թե նաեւ որոշակի քողարկված մեղադրանք է, որ Վանեցյանը չի խոսում:

Կա՞ Հրայր Թովմասյանի եւ Արթուր Վանեցյանի միջեւ որոշակի մրցակցություն, եւ այդ մրցակցությունը սահմանափակված է այդ երկու անձի՞, թեւ նաեւ որոշակի խմբերի շրջանակով:

Հրայր Թովմասյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին՝ զրպարտության համար: Վկա կկանչվի՞ Արթուր Վանեցյանը, եթե իհարկե դատարանն ընդունի հայցն ու «չփչացնի» խաղը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments