Permyakov

Տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը արդեն տևական ժամանակ է, ինչ չի ստանում պատասխան մի հարցման, թե որտեղ է պատիժը կրում ռուսական ռազմակայանի զինծառայող, ոճրագործ Վալերի Պերմյակովը, որը հինգ տարի առաջ Գյումրիում սարսափելի ոճիր գործեց՝ գնդակահարելով Ավետիսյանների ամբողջ ընտանիքը:

Այդ ոճրագործությունը թերևս ամենախորհրդավորն է Հայաստանի նորագույն պատմության շրջանում, որը թվում է, թե բացահայտված է, միաժամանակ, սակայն, շարունակում է առանցքային մի շարք հարցերի առումով մնալ անպատասխան, առաջացնել տարակույսներ, լինել, այսպես ասած, պաշտոնական վարկածի մի շարք դրվագներով անհասկանալի:

Պերմյակովի շուրջ զարգացումների մասին հիշողությունը Հայաստանի հանրության համար դեռևս թարմ է, չկա վերապատմելու անհրաժեշտություն: Նա ցմահ դատավճռից հետո արտահանձնվեց Ռուսաստան կամ, այսպես ասած, փոխանակվեց հայաստանցի Հրաչյա Հարությունյանի հետ, որը Ռուսաստանում ավտովթարի պատճառով դարձել էր 17 անձի մահվան պատճառ: Ըստ պայմանի՝ Ռուսաստանը պետք է Հայաստանի դիմումի պարագայում իրազեկեր, թե որտեղ է Պերմյակովն ու ինչ պայմաններում է կրում իր պատիժը:

Արդարադատության նախարարությունը «Հայկական ժամանակ»-ի հարցումով դիմել է ՌԴ-ին, սակայն պատասխան չկա: Այստեղ հարցն էական է այն առումով, որ ակնառու է՝ Ռուսաստանը ոճրագործության առաջին իսկ պահից այն դիտարկել է նաև «երրորդ ձեռքի» դավադրություն իր դեմ, ինչով էլ թերևս պայմանավորված էր, որ ռուսները գործնականում հայ իրավապահներից «առևանգեցին» Պերմյակովին և այդպես էլ չտվեցին էական հասանելիություն հայկական իրավապահ համակարգի համար:

Այդպիսով առաջանում է հարց՝ ի՞նչ տեղեկատվության է տնօրինում ռուսական կողմը՝ ոճրագործությունից հայտնաբերելով ու իր մոտ պահելով Պերմյակովին, որն առնչվում է Հայաստանին, բայց փաստորեն հասանելի չէ Հայաստանի համար առ այսօր:

Spread the love