Փաշինյանը յուրօրինակ «չելենջ» արեց Արցախի նախագահի թեկնածուներին

- in Ընտրություններ
LGHH

Վարչապետ Փաշինյանի մեծ մամուլի ասուլիսը, որ տեղի ունեցավ Կապանում, հանրության ուշադրության կամ հիշողության մեջ մնաց Հրայր Թովմասյանի գրիչով, ու թեև Նիկոլ Փաշինյանը փորձեց բացատրել դրա կարևորությունն ու խորհրդանշականությունը, այդուհանդերձ հարկ է որոշակի մտահոգությամբ արձանագրել ասուլիսի ընթացքում արված կարևոր դիտարկումների ստվերում մնալու հանգամանքը: Իսկ այդ դիտարկումներն, օրինակ, վերաբերում էին Արցախի խնդրին, որի համատեքստում նաև` Հայաստանի զինված ուժերի սպառազինության արդիականացմանը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց Արցախի հարցում Հայաստանի նախորդ իշխանության բանակցային բովանդակությունը, որտեղ, մեղմ ասած, չափազանց բարդ է գտնել գեթ մեկ հայանպաստ տիրույթ կամ հանգամանք: Եվ դա այն իրողության ֆոնին, երբ թավշյա հեղափոխությունից ի վեր նախորդ իշխանության քարոզչական գրեթե բոլոր տիրույթներից անդադար խոսվում է «Արցախը հանձնելու» մասին:

Այն, ինչի մասին բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը, կարծես թե որևէ կերպ չի արժանանում այդ իշխանության արձագանքին: Չկա որևէ հերքում, թե չի եղել բանակցություն այդ բովանդակությամբ: Մյուս կողմից` ի՞նչը հերքել, երբ այդ մասին գործնականում անձամբ խոստովանել է Սերժ Սարգսյանը: Ահա այդտեղ օգնության է գալիս գրիչը: Որքան էլ նախորդ իշխանությունն ինքը փորձում է գրչի թեման շրջանառել անլրջության համատեքստում, այդուհանդերձ հենց նախորդ իշխող համակարգը, նախորդ իշխանությունն է թերևս այդ թեմայի առանցքային շահառուն, որովհետև գրիչը շեղեց Արցախից, Արցախի հարցի բանակցային գործընթացի պատմության առնչությամբ Հայաստանի վարչապետի արած էական հայտարարություններից, որոնց առնչությամբ չկա որևէ պատասխան:

Եվ այդ պարագայում բնականաբար հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ տվեց Արցախի իր իսկ բարձրաձայնած հարցից շեղելու այդ հնարավորությունը: Դրա հետ մեկտեղ Փաշինյանը յուրօրինակ «չելենջ» արեց Արցախի նախագահի թեկնածուներին, որոնցից գործնականում բոլորը, բացառությամբ թերևս մեկի, գրեթե միանգամից «ընդունեցին» այն և արձագանքեցին վարչապետին այն տրամաբանության համատեքստում, որի ակնկալիքով էլ թերևս նետված էր չելենջը: Առայժմ լուռ է միայն Վիտալի Բալասանյանը, որն իր նախընտրական արշավը փորձում էր կառուցել հենց «Արցախը հանձնելու» տրամաբանության թիրախավորումով` վերագրելով այն Հայաստանի իշխանությանն ու բնականաբար ածանցելով դրանից մյուս թեկնածուներին:

Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը մի կողմից` գրչի պատմությամբ նախորդ համակարգին տվեց Արցախի թեմայից շեղվելու հնարավորություն, մյուս կողմից` թերևս խորքային իմաստով ներկայումս կա մի խնդիր՝ Արցախի ընտրական գործընթացը ամեն գնով զերծ պահելու Հայաստանում ներքին հարաբերությունների տրամաբանության և խնդրի ազդեցությունից` անգամ, այսպես ասած, շեղող մանևրների միջոցով, քանի որ հայկական պետականության համար առաջիկա առանցքային, օրակարգային հարցը այլևս թերևս տեղափոխվել է Արցախ և անհրաժեշտ է ապահովել այնտեղ գործընթացի, այսպես ասած, ստերիլությունն ու լրջությունը, որին ուղղված մի քայլ է պետք գնահատել «չելենջը»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments