Փաշինյանի կոմպրոմիսը․ դրանից անդին զիջում չի լինելու

- in Վերլուծական

Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին․ այսօր ԱԺ-ի հարցուպատասխանին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի ստանդարտի և վարկանիշի հարց է։ Արդյոք մեր սիրելի այն հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ, այո, այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ, ցավոք, այս պահի դրությամբ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն և քանակ»,- հավելել է Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ մինչև այս թվականի հուլիսի 1-ը պետք է աշխատեն այդ որոշման ուղղությամբ. «Աշխատենք և այս պրոցեսը մինչև վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլևս չենք վերադառնալու»։

Սա այն դեպքերից է, երբ կառավարությունը սկզբունքորեն չի վերանայում իր մոտեցումը, միաժամանակ ընդառաջում է հանրային պահանջին ու որոշակի շտկումներ է մտցնում իր քաղաքականության մեջ՝ վեց ամիս ժամանակով երկարաձգելով դրա իրագործումը։ Իհարկե, սա ողջունելի մոտեցում է, սակայն ստեղծված իրավիճակը որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս։

Հիմնական եզրակացություն անողը պետք է լինի կառավարությունն, ընդ որում՝ ոչ միայն սպանդանոցների հարցով։ Ժամանակն է ձերբազատվել արագ ու մինչև վերջ չմարսված որոշումներ ընդունելու պրակտիկայից ու ցանկացած խնդիր դիտարկել համապարփակ վերլուծության, բոլոր ռիսկերի գնահատման համատեքստում։ Որևէ մեկը՝ որակյալ մորթին, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, ի վերջո՝ քաղաքակիրթ ստանդարտին դեմ չէ, սակայն նախ անհրաժեշտ է ստեղծել համարժեք ենթակառույցներ, նոր մշակույթ, ապա նոր անասնապահներին թելադրել խաղի նոր կանոններ։ Այդ պարագայում ակնհայտ է, որ սոցիալական հուզումներ չեն լինի, և երկրում էլ չեն առաջանա ֆորս-մաժորային իրավիճակներ, երբ հասարակական տարբեր խմբեր փորձում են ճանապարհներ փակել կամ դիմել պայքարի ծայրահեղ մեթոդների։

Նույնը վերաբերում է նոր ծննդատների խնդրին։ Եթե, ի վերջո, օրինակ՝ Եղվարդի կամ Մարալիկի ծննդատների պարագայում հնարավոր էր կատարել զիջումներ, ամենևին էլ պարտադիր չէր, որ կառավարությունն ի սկզբանե «կացնային» քաղաքականություն իրականացնի՝ հարուցելով լոկալ հուզումներ, կամ անհարմար վիճակի մեջ դնելով մարզպետներին, որոնց դիրքորոշումներն էապես տարբերվում էին առողջապահության նախարարի որոշումից։

Մյուս կողմից՝ դրական է, երբ հասարակությունն ինքնակազմակերպվում է ու կարողանում է կառավարությանը պարտադրել ռացիոնալ փոխզիջումներ։ Սա ստեղծում է բավականին դրական նախադեպեր։ Օրինակ՝ երբ Եղվարդի հասարակությունը կարողացավ պահպանել իր ծննդատունը, թերևս նախանձախնդիր կլինի նաև դրանում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Նույնը վերաբերում է անասնապահներին կամ մորթ իրականացնող մեր հայրենակիցներին։ Նրանք չպետք է բավարարվեն միայն բողոքելով կամ ցույցեր անելով, մանավանդ որ վեց ամիս հետո փոխզիջման պատուհանը փակվելու է, ու այս ընթացքում կառավարությունը պատրաստ է լսել ռացիոնալ առաջարկություններ, լուծումներ, որոնք մի կողմից երկիրը կմոտեցնեն քաղաքակիրթ ստանդարտներին, մյուս կողմից՝ օրակարգից կհանեն գյուղական բնակչության մտահոգությունները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments