Հանրային – քաղաքական կյանքում ստեղծվում են ահռելի բացեր

- in Հրապարակ

Անցնող շաբաթ Հայաստանի խորհրդարանն անշուշտ փայլեց, սակայն ոչ թե քաղաքական գործունեությամբ և բովանդակությամբ, ինչի համար կոչված է, այլ փայլեց վկայությամբ, որ նոր խորհրդարանը առնվազն մի զգալի մասով բացարձակապես չի համապատասխանում հայկական պետականության առաջ կանգնած մարտահրավերներին և միաժամանակ հնարավորություններին:

Կա շատ ավելի պարզ ու հստակ մի չափորոշիչ կամ ինդիկատոր: Վերցնենք Հայաստանի վարչապետի պատմական ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին, այդ ելույթի բովանդակությունը, օրակարգի շոշափված հարցերը, դրանց քաղաքական ներքին, արտաքին, ռազմա-քաղաքական, քաղաքակրթական տողատակերը, ու համադրենք այդ ամենը օգոստոսի 5-ից հետո Հայաստանի խորհրդարանի գործունեությանը, խորհրդարանում հնչած տեքստերին, հայտարարություններին, քննարկումներին:

Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ մեծամասնության, թե՛, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի ներառմանը՝ խորհրդարան հասկացության ներքո: Այդ պարզ համադրությունից ու համեմատությունից դառնում է պարզ, որ Հայաստանի խորհրդարանը համարժեք չէ, չի արտացոլում և առնվազն չի կարողանում սպասարկել հայկական պետականության առաջնահերթությունները, որոնք պատմական համատեքստում արձանագրվել է Հայաստանի վարչապետի ելույթում: Այլ հարց է, եթե խորհրդարանն իր անհամաձայնությունն արտահայտեր այդ ելույթին: Բայց այդպիսի բան կարծես թե չի եղել: Իսկ հաշվի առնելով այն, որ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 5-ին բարձրաձայնել է հիմնարար օրակարգի մասին, որը նրա իսկ բնութագրմանը համահունչ պետք է կազմեր թե՛ հայկական, թե՛ համահայկական կյանքի, հասարակական-քաղաքական միջավայրի ողնաշարը, հնարավոր է արձանագրել, որ այդ հարցում առանցքային, կարևորագույն դեր ունեցող և փաստացի ներկայացուցչական թիվ մեկ մանդատը կրող կառույցը համարժեք չէ հռչակված ուղենիշներին: Անշուշտ, պատկերը պետք չէ դրամատիզացնել, առավել ևս, որ խորհրդարանում, իհարկե, օրակարգում են կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, կազմակերպվել են կարևոր թեմաներով լսումներ, ընդունվել են կարևոր օրենքներ:

Սակայն ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանը պետականության գործընթացում առայժմ զբաղեցնում է մի դեր, որը հանրության ուշադրությանն է արժանանում ապաքաղաքական էպատաժով: Դա է, որ հանրային-քաղաքական կյանքում ստեղծում է ահռելի բացեր, որոնք լցվում են ամեն ինչով, բայց ոչ բովանդակությամբ: Ու քանի որ այդ իրողությունն է ամենամեծ պահանջարկը վայելում նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերի շրջանակում, արտախորհրդարանական դաշտում ամեն ինչ հանգում է ընդամենը շարունակության, իսկ երբեմն էլ՝ «վարպետության դասերի», քանի որ այդ դաշտում գործում են ուժեր, որոնք ունեն պետությունն ապաքաղաքական էպատաժի մեջ պահելու տարիների, անգամ տասնամյակների փորձ և հմտություն: Ու նաև այդ հանգամանքի բերումով ակնառու է, որ բավականին բարդ է մտածել խորհրդարանը փոխելով իրավիճակը փոխելու հնարավորությունը: Կարող են փոխվել դերակատարներ, անվանումներ, անուն-ազգանուններ, սակայն ընդհանուր պատկերը՝ հազիվ թե, քանի որ գործ ունենք ընդհանրապես հայկական հասարակական-քաղաքական միջավայրի խորքային աղճատման և ապաքաղաքականացման հետ, որի նորոգումը կամ բուժումը պահանջելու է ևս խորքային քայլեր ու ժամանակ: Այդ իմաստով, ինչպես խեղդվողների փրկության գործն է հենց խեղդվողների ձեռքում, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի քաղաքականացման և պետականության խնդիրներին համարժեքացման գործը խորհրդարանականների ձեռքում է: Այն խորհրդարանականների, որոնք կան, ոչ միայն կառավարող մեծամասնության կազմում, այլ նաև դրանից դուրս, այդ թվում նաև մյուս խմբակցություններում: Գուցե քիչ, բայց կան, և լինելով քիչ, նրանց աշխուժությունն ու նախաձեռնողականությունն այդ հարցում պետք է լինի ավելի շատ, խորհրդարանում եղանակ, տրամադրություն, օրակարգ ստեղծելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments