Քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա

- in Ընտրություններ
Arayik Harutyunyan

Քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն՝ արձագանքելով այն շահարկումներին, թե Արցախում սպասվող առաջիկա համապետական ընտրություններին Արայիկ Հարությունյանը համագործակցելու է Սամվել Բաբայանի հետ:

«Քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունը որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շահարկման առիթ է դարձել, ովքեր փորձ են անում առանց փաստարկների այդ համագործակցության տիրույթում ներկայացնել նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Չկա այդպիսի բան, և խորհուրդ կտամ այդ օգտատերերին բախտագուշակությամբ չզբաղվել:

Մենք բազմիցս հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգի, հնարավոր համագործակցության, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի հետ ունեցած կառուցողական հարաբերությունների մասին: Հարգելով Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքն ու ցանկությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա համապետական ընտրություններին նրա հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկվել:

Նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմը մասնակցելու է պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այո, կան քաղաքական ուժեր, որոնք հայտնել են իրենց աջակցությունը մեր թեկնածուին, և նրանց մասին առաջիկայում հասարակությունը հրապարակայնորեն կտեղեկացվի: Ինչ վերաբերում է կուլիսային կամ գաղտնի պայմանավորվածություններին, մենք զերծ ենք մնալու նման գործելաոճից և մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա»,- գրել է Պողոսյանը:

Նշենք, որ այսօր Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նախագահի պաշտոնին հավակնող առնվազն երեք թեկնածուներ իրեն համագործակցության առաջարկ են արել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments