Քոչարյանն ու իր թիմը «հիբրիդային պատերազմ» են վարում հեղափոխական իշխանության դեմ

- in Պնակալեզներ

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ ինքնությունը բացահայտելուց և նրան ձերբակալելուց հետո հրապարակվեց ԱԱԾ հաղորդագրությունը և ձերբակալված անձի ինքնախոստովանական ցուցմունքի տեսագրությունը, որտեղ անանուն օգտատերը (ԱԱԾ-ն չի հրապարակել տվյալ անձի անունը) խոստովանել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը կատարել է իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն արդարացի չէ։

Տեսանյութը հրապարակելուց հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրորդ նախագահի գրասենյակը և Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունեն կեղծ օգտատիրոջ հետ։

Հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Իրանի բարձրաստիճան զինվորականի սպանելու համար։ Իրականությանը չհամապատասխանող լուրը տարածվել էր ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։

Այսպիսով՝ գործ ունենք հերթական իրավիճակի հետ, երբ իրարամերժ գնահատականներ են հնչում իշխանության և Քոչարյանի թիմի կողմից։ Ըստ իս՝ նման իրավիճակներում ճշմարտությունը գտնվում է ինչ-որ այլ կետում, որը տարբեր է հակադիր բևեռների պնդումներից։

Այն, որ նախկին համակարգի ներկայացուցիչները ու առավելապես՝ Քոչարյանի թիմը, «հիբրիդային պատերազմ» են վարում հեղափոխական իշխանության դեմ՝ ստանձնելով «հինգերորդ շարասյան» գործառույթը, դա անհերքելի փաստ է։ Ռոբերտ Քոչարյանի վերջին գրեթե բոլոր հրապարակային ելույթները Մոսկվային սիրաշահելու և նրան Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ հրահրելու փորձ են։ Օրինակ՝ եթե նախկին նախագահը կալանավայրից գրում է, որ ներկա իշխանությունները համալրված են արևմտյան գործակալներով, ապա տրամաբանական է ենթադրել, որ «Դիանա Հարությունյանը» հենց Քոչարյանի թիմն է, որը հերթական անգամ փորձել է Փաշինյանից կերտել արևմտյան դրածոյի կերպար։ Այս իմաստով՝ ԱԱԾ հայտարարության տեքստն արժանահավատ է թվում։

Ակնհայտ է, որ «հինգերորդ շարասյան» ու թշնամու օրակարգերը հաճախ ներդաշնակվում են ու պատահական չէ, որ «Դիանա Հարությունյանի» գրառումն այդքան մեծ խանդավառություն է առաջացրել Բաքվում։

Մյուս կողմից, որոշակի հարցեր է առաջացնում նաև ԱԱԾ վարքագիծը։

Այնպիսի տպավորություն է, որ մեր իրավապահ մարմինների մոտ ռեստավրացվել է հոռի սովետական կամ քրեաօլիգարխիկ մշակույթը, երբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն ոչ այնքան իրենց գործառույթներն են իրականացնում, որքան՝ կուսակցության, տվյալ պարագայում՝ իշխանության գիծը։ Օրինակ՝ ինձ համար ակնհայտ չէ՝ ԱԱԾ-ն կբացահայտե՞ր «Դիանա Հարությունյանին», եթե դրան չնախորդեր Նիկոլ Փաշինյանի կանխորոշող գրառումը։ Էլ չեմ խոսում ԱԱԾ տեսանյութի մասին, որը պատրաստված էր «հին, բարի ժամանակների» ժանրով (խոսքս ոչ թե բովանադակության, այլ հենց ժանրի մասին է)։

Նման իրավապահ մարմիններով հեղափոխության օրակարգ չես սպասարկի, մանավանդ որ հայտնի «Ռոբին Հուդ»-ների հեռացումից հետո ԱԱԾ-ում և ոստիկանությունում ոչինչ, ըստ էության, չի փոխվել, ավելին՝ նշանակված ԺՊ-ները «կոմսոմոլային» մրցավազքի մեջ են՝ ժամանակավորի կարգավիճակից հետո գերատեսչությունների ղեկավարներ դառնալու համար։

Այս համատեքստում՝ «Քոչարյանի թի՞մ՝ Դիանա Հարությունյան անունով, թե՞ ԿԳԲ՝ ԱԱԾ անունով», դիլեման միանգամայն տեղին է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments