Աբդալլահ թագավորը Հայաստանում. շախմատային նոր դասավորություն

- in Հասարակություն
chess shaxmat

Փետրվարի 10-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանում Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին: Դա Հորդանանի թագավորի առաջին այցն է Հայաստան, որի վերաբերյալ հայտարարվեց մի քանի ամիս առաջ՝ Հայաստան Հորդանանի արտգործնախարարի այցի ընթացքում:

Աբդալլահ Երկրորդը արաբական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող գործիչներից է, միաժամանակ Հորդանանն էլ արաբական աշխարհում եւ մերձավորարեւելյան ռեգիոնում առանձնահատուկ գործառույթ ունեցող պետություն է, յուրատեսակ «քաղաքական հաբ»: Մասնավորապես, Հորդանանը Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի թերեւս ամենասերտ դաշնակիցն է: Այդ հանգամանքը կարեւոր է մերձավորարեւելյան ռեգիոնում ՆԱՏՕ-ի ընդլայնման ԱՄՆ գաղափարի ֆոնին, որը բարձրաձայնվեց Բաղդադում իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո:
Այն գործնականում փոխարինում է ավելի վաղ բարձրաձայնված արաբական ՆԱՏՕ-ի գաղափարին: Այդ գաղափարը թերեւս անիրագործելի է ներարաբական մի շարք հակասությունների բերումով, եւ չի բացառվում, որ ԱՄՆ դիտարկում է ՆԱՏՕ շրջանակում արաբական երկրները միասնական անվտանգային դաշտ բերելու հեռանկարը:

Եվրատլանտյան դաշինքի հետ իր հարաբերության փորձով Հորդանանն այդ իմաստով կարող է ունենալ էական նշանակություն:

Մերձավորարեւելյան անվտանգության համակարգը շաղկապված է կովկասյան ռեգիոնին, որտեղ անվտանգության առումով առանցքային դերը Հայաստանինն է արդեն առնվազն քառորդ դար: Միեւնույն ժամանակ, անժխտելի է նաեւ Հայաստանի քաղաքակրթական ու ռազմաքաղաքական ներկայությունը մերձավորարեւելյան շրջանում:

Հայաստանն ու Հորդանանն այդ իմաստով ունեն քննարկման բավականաչափ ընդհանուր թեմաներ, ընդ որում շատ ավելի լայն շրջանակով, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը զբաղված է նաեւ Կիպրոս, Հունաստան, Հայաստան եռակողմ առաջին Վեհաժողովը կազմակերպելու գործով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments