Ադրբեջանը ծանր է տանում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ մոտեցումը

- in Կարծիք
Adrbejan

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ, Ադրբեջանը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների մոտեցումը:

Այս մասին Հայրապետյանը նշեց փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում. «Մենք առաջարկում ենք մթնոլորտի առողջացում, դրան ուղղված հումանիտար միջոցառումներ, Արցախի վերադարձ բանակցային սեղան և լիարժեք ձևաչափի վերականգնում, դրանից հետո արդեն՝ խոսակցություն հնարավոր լուծումների մասին, որը պետք է ընդունելի լինի տարածաշրջանում այդ լուծման կրողը հանդիսացող ժողովուրդների համար: Այս մոտեցումն ադրբեջանական կողմը ծանր է տանում»,- ասաց Հայրապետյանը:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկինում քննարկված տարբերակները նրանց իշխանությունը չի դիտարկում, որովհետև դրանք տարիների ընթացքում հաջողություն չեն ունեցել:

«Նախորդիվ տարբեր լուծումներ են քննարկվել, դրանցից որոշները հանրային են եղել, որոշները՝ ոչ հանրային: Անգամ այն պահերին, երբ լուծումը շատ մոտ է թվացել, վստահ եմ, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքային զիջման` հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումը, գլխավոր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա: Մենք այդ տակտիկայով առաջ չենք գնում, կարծում ենք, որ հեղափոխությունը, ձևավորված լեգիտիմ իշխանությունը նշաձողերը փոփոխելու հիմք են տալիս, մենք առաջ ենք քաշում մեր օրակարգը»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments