Ալեն Սիմոնյանը Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում

- in Հասարակություն

«Այո»-ի շտաբն  առաջիկայում մանրամասներ կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր հարցեր հնչեցին հանրաքվեի հետ կապված, սակայն սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ, և քննարկումը նվիրված էր ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության տարբեր հարցերին: Մեծ ժամանակ տրամադրվեց մյունխենյան հանդիպումների արդյունքների վերաբերյալ քննարկումներին»,- նշեց Սիմոնյանը:

Խոսելով հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ որոշման մասին՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ իրենք մոտ ապագայում կունենան ասուլիս կամ հայտարարություն կանեն, որտեղ կբարձրաձայնվեն այդ հարցի հետ կապված բոլոր մանրամասները:

«Մենք դեռևս չենք քննարկել, թե ինչ ձևաչափում է անցկացվելու քարոզարշավը: Հստակ է այն, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, նա սիրում է շփվել ժողովրդի հետ: Դեռևս տեղյակ չեմ, վարչապետը արձակուրդ կունենա այդ ընթացքում, թե ոչ: Կարծում եմ՝ կնայվի, թե որն է օրենքի պահանջը, ինչպես նաև հաշվի կառնվի պարոն Փաշինյանի ծանրաբեռնվածությունը»,- շեշտեց Սիմոնյանը և հավելեց, որ քարոզարշավը կսկսեն այն ժամանակ, երբ ճիշտ կհամարեն:

Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանական ուժերը չեն ձևավորելու «Ոչ»-ի շտաբեր, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհանգստանալու որևէ առիթ չեն տեսնում:

«Մենք ոչ մի մտահոգություն չունենք այդ ամենի կապակցությամբ, չնայած, վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Խոսելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու մասին, Սիմոնյանն ասաց, որ այստեղ օգտագործվում է նրա փորձը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության շտաբի պետը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ձևաչափը հայկական կողմի համար շահեկան է համարում։

Այս մասին Սիմոնյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման մասնակցությանը: Քննարկումն ընթանում էր բաց ձևաչափով և ուղիղ հեռարձակմամբ։

«Փաշինյան–Ալիև զրույցի համար առաջարկվել էր ֆորմատ, որտեղ մեր հարևան պետության ղեկավարը շատ անհարմար վիճակում էր հայտնվել, քանի որ այնպես չէ, որ Ալիևը հայտնի է իր հրապարակային խոսքով: Սա այն ֆորմատն էր, որը մեզ համար ամենահետաքրքիրն ու շահեկանը կարող էր լինել, և այդպես էլ եղավ», – նշեց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ զրույցի ֆորմատին համապատասխան, կարճ ժամանակում վարչապետը ներկայացրել է այն ամենը, ինչը պետք էր ասել։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments