Ալիեւն ընդունեց պարտությունը. Ռուսաստանը Ադրբեջանը կստանա անվճար՝ հայկական շահերի անձեռնմխելիության դեպքում

- in Վերլուծական
Putin Aliev

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ: Մեր պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույս ունեմ, ասվում է Ալիեւին Պուտինի շնորհավորական ուղերձում: Պուտինն Ալիեւին եւ նրա զինակիցներին նոր հաջողություններ է մաղթել:

Պուտինի շնորհավորական ուղերձում էական է անկեղծ բառը: Եթե Պուտինը պարզապես շնորհավորեր, Ալիեւին կարող էր թվալ, թե նա հեգնում է իրեն, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի «հաղթանակ» է եղել այն: Միեւնույն ժամանակ, Պուտինի ուղերձում բացակայում են ազատ ընտրություններ, ժողովրդավարություն եւ նման այլ հասկացությունները: Նա շնորհավորում է հենց հաղթելու հանգամանքը, կարեւոր չէ՝ թե ինչպես, ինչը խիստ հոգեհարազատ է ՌԴ նախագահի կենսափիլիսոփայությանը:

Միեւնույն ժամանակ, Պուտինի անկեղծությունն ունի այլ պատճառ: Բանն այն է, որ ընտրության նախօրեին ԵԽ-ն ընդունեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւը: Բացի այդ, ԵԽ-ն եւ ԱՄՆ-ն խիստ գնահատականներ տվեցին խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Ինքն Ալիեւը նույնքան խիստ դատապարտեց արեւմտյան կառույցներին՝ Ադրբեջանի հանդեպ խտրական վերաբերմունքի, առաջընթացը չնկատելու եւ այլնի համար: Նա հայտարարեց, որ չի կատարելու ԵԽ պահանջները:

Այսպիսով, Ալիեւը խոստովանեց Արեւմուտքի ուղղությամբ իր քաղաքականության տապալումը: Երկար տարիներ այն կառուցվում էր երկու ուղղությամբ՝ «Եվրոպայի էներգետիկ անվտանգության» եւ էներգետիկ գործոնն օգտագործելով՝ սեփական խնդիրները լուծելու փորձերի վրա: Սակայն Բաքվում գերագնահատում էին սեփական ռեսուրսների նշանակությունը գլոբալ խնդիրներում, իսկ վերջին տարիներին այդ գործոնն ընդհանրապես զրոյացվել է: Դրա վկայությունն է այն, որ արեւմտյան նավթային ընկերությունները հեռանում են Բաքվից:

Մյուս կողմից, տապալվեց նաեւ լոբբինգի ողջ սխեման, որը հիմնված էր եվրաչինովնիկներին կաշառելու վրա: Այս կապակցությամբ բացահայտումները եւ սկանդալային հրապարակումները եվրոպական կառույցներին ստիպեցին հեռու մնալ Ադրբեջանից: Ալիեւին չհաջողվեց ստորագրել նաեւ Եվրամիության հետ համաձայնագիրը, քանի որ ԵՄ-ն հրաժարվեց դրանում ամրագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին տողը:

Իր հերթին, խնդիրներ առաջացան նաեւ ռուսական ուղղությամբ, որտեղ, պետք է նշել, Ալիեւը առավել մեծ հույսեր ուներ: Այստեղ Բաքուն գրանցեց որոշակի հաջողություններ, մասնավորապես սպառազինությունների մատակարարման եւ Արցախում ստատուս քվոյի փաստացի ճանաչման Վիեննայի օրակարգը չեզոքացնելու ուղղությամբ: Ռուսաստանում, ի տարբերություն Եվրոպայի, ադրբեջանական կաշառքները չեն բացահայտվում: Միեւնույն ժամանակ, ապրիլյան պատերազմից հետո Բաքուն իր հետ ծուղակը մտցրեց նաեւ Ռուսաստանին, որից հետո Մոսկվայում նույնպես որոշակի զգուշավորությամբ սկսեցին հարաբերվել Բաքվի հետ:

Ներկայում, Բաքվի արեւմտյան ուղղությամբ քաղաքականության տապալումից հետո Մոսկվայի քաղաքական-մեդիա շրջանակներում որոշակի աշխուժություն կա այս կապակցությամբ, ինչն արտահայտվել է Պուտինի անկեղծ շնորհավորանքում` ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման հույսով: Դա «պուտիներենից» թարգամանաբար նշանակում է, որ Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանը ստանալ անվճար, ինչի գրավականն անկասկած հայկական շահերի անձեռնմխելիությունն է մասնավորապես Արցախում:

Ի՞նչ արտաքին քաղաքական կուրս կվարի Բաքուն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ռազմական ու խավիարային դիվանագիտությունների տապալման եւ Սիրիայում ռուս-թուրքական լարման ներկայիս փուլի պայմաններում: Բաքվում, չնայած Ալիեւի կուսակցության հաղթանակին եւ իշխանության տրանզիտի թվացյալ կայունությանը, իրականում բավական բարդ իրավիճակ է, քանի որ այդ սխեմաներն այնքան էլ միանշանակ չեն: Այս առումով, Բաքվում իրավիճակի բանալին նաեւ Հայաստանի ձեռքին է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments