Ահա թե ինչից է վախենում Էրդողանը. հայկական սեփականության հարցը

- in Միջազգային
Erdoghan

Ինչպես հայտնում է Արմենպրեսը, ամերիկահայ ակտիվների կառավարիչ Մարկ Չենյանը, ով ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, պատրաստվում է իրավական գործընթաց սկսել թուրքական բիզնեսի դեմ: «Cyprus-mail»-ին տված հարցազրույցում նա պատմել է ցեղասպանությունից տուժած իր ընտանիքի պատմությունը, միաժամանակ խոսելով նաեւ հայերի կորուսյալ սեփականության մասին:

Նա ասում է, թե ինչու են շարքային թուրքերը մասնակցություն ունեցել հայերի կոտորածին: Նրանք տիրացել են հայերի ունեցվածքին: «Իրապես, եթե դուք նայեք Թուրքիայի խոշոր բիզնեսին, ապա հաճախ կգտնեք ծագում 20-րդ դարի սկզբից: Այդ բիզնեսները չեն սկսել զրոյական մակարդակից: Շատ հաճախ պայքար է գնում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, բայց իմ մտքերն այլ ուղղությամբ են: Ես կցանկանայի գնալ և պահանջ ներկայացնել Թուրքիայի այսօրվա տնտեսական համակարգին. ես այնտեղ շահեր ունեմ, քանի որ յուրացրել են իմ ֆերմաները, գործարանները և այլն», հայտարարել է Մարկ Չենյանը:

Նա պատրաստվում է իրավական գործընթացի, նախ գիտնականների, հետո փաստաբանների ներգրավումով: Կմնա՞ Մարկ Չենյանը մենակ այդ գործում, թե՞ նա ընդամենը կդառնա «առաջին ծիծեռնակը»: Համենայն դեպս, թուրքական իշխանությունն ըստ երեւույթին ունի հենց երկրորդ մտավախությունը, ինչի վկայություններից մեկն էր թերեւս անցնող շաբաթներին հայկական հարցի առնչությամբ արված աննախադեպ հայտարարությունը:

Թուրքիայի նախագահ Էրդողանի նախագահությամբ տեղի էր ունեցել Բարձր խորհրդատվական մարմնի նիստ, որտեղ քննարկվել էին հայկական հարցի հետ կապված մարտահրավերներն ու դրանց դեմ Թուրքիայի անելիքը: Նիստից հետո Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատուն հայտարարել էր, որ «1915 թվականի իրադարձությունների հայկական մեկնաբանությունը» օգտագործում են «Թուրքիան պառակտելու» համար: Գործնականում պաշտոնական Անկարայից առաջին անգամ հնչում է, որ հայկական հարցն ի զորու է պառակտել Թուրքիան: Դա նշանակում է, որ այն ամուր հող ունի հենց թուրքական հասարակության ներսում, բավական է ուժգին քայլ, եւ հողը կանի իր գործը:

Կարո՞ղ է Մարկ Չենյանի նախաձեռնությունը լինել այդ ուժգին կայծը, իրավական հայցերը թուրքական տնտեսական համակարգի դեմ: Հայց, որը մի կողմից գործնականում շրջանցում է «պահանջատիրության» քաղաքական ասպեկտը, մյուս կողմից դրանով իսկ դառնում է թերեւս առավել ուժեղ եւ հնարավոր է նաեւ վարակիչ: Որովհետեւ, թուրքական տնտեսական համակարգի հիմքին, թուրքական սեփականության ինստիտուտի հիմքին ներկայացվող պահանջը կարող է սեփականատիրական հայցեր առաջացնել թուրքական հանրության տարբեր շրջանակներում իսկ: Հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ հանրության գրեթե կեսը հայտնել էր սեփական ինքնությունը ճշտելու ցանկություն:

Ահա թերեւս այն պառակտումը, կամ պառակտման հնարավոր տարբերակներից մեկը, որի մասին տագնապում է պաշտոնական Անկարան, այնքան լուրջ, որ հարցը դառնում է աննախադեպ խոստովանության եւ Բարձր խորհրդում քննարկման առարկա:

Եվ դա այն դեպքում, երբ Էրդողանը ներքին մարտահրավերներից պաշտպանվելու համար ավելի ու ավելի է խրվում արտաքին ագրեսիվության ճահճում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments