Ամենազգայուն հանդիսականի դերասանը. Ռոբերտ Սարգսյան – Լուսանկարներ

- in Մշակույթ
Tatron

Ամենազգայուն հանդիսականները մանուկներն են: Նրանց չի կարելի խաբել կեղծ տոնայնությամբ, նրանց հետ պիտի անկեղծ լինես, այլապես բեմելդ զուր է, և խաղդ՝ դատապարտված անհաջողության: Քսանհինգ տարի է, ինչ իր բնատուր անկեղծությամբ և չկորսվող, չսպառվող մանկականության զգացողությամբ Հովհ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի բեմ է բարձրանում դերասան-տիկնիկավար Ռոբերտ Սարգսյանը:

Երբ 70-ականների սկզբին, տակավին դեռահաս, սովորում էր Վանաձորի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում և կամ երբ 1987-ին գերազանցության դիպլոմով ավարտում էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, չէր էլ ենթադրում, որ դրամատիկ հակվածության իր բնույթով և նախապատվությամբ կարող է ընտրել թատերաշխարհի մի բոլորովին այլ ասպարեզ: Դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանի մասնագիտացմամբ՝ նա իր նշանակալից դերերն ունեցել է հենց տիկնիկային թատերարվեստում, թեև քիչ չեն նաև էպիզոդիկ դերերը կինոյում, որոնք աչքի են ընկնում տիպականությամբ: Թումանյանական հեքիաթների հերոսների մի ամբողջ շքահանդես ունի իր դերարվեստում, և բոլորը հիշվող ու սիրելի են, քանի որ Ռոբերտ Սարգսյանի կատարմամբ դրանցից շատերն ընկալվում են՝ իբրև Մեծ լոռեցու հեքիաթաշխարհի մասնիկներ. չէ՞ որ Ռոբերտն էլ ծնունդով դսեղցի է, մանկության և պատանեկության ամենամեծ զգացողություններն ու նվիրականն այդտեղից է քաղել, տիրապետում է տեղի բարբառի նրբություններին ու յուրահատուկ շեշտադրմանը, ինչը նրա դերերին ու կերպավորումներին մի առանձին հմայք, «համ ու հոտ», անկեղծություն ու բնականություն է հաղորդում: Ունեցել է շուրջ հարյուր կերպավորում տարբեր հեղինակների երկերի, այդ թվում՝ մանկական ստեղծագործությունների բեմադրություններում՝ մեկը մյուսից տարբեր և՛ բնավորությունների ընկալման ու հաղորդման և թե՛ կերպարների մեկնաբանության առումներով: Եվ որքան զանազան են այդ կերպարները, այդքան զանազան է Ռոբերտ Սարգսյանը բեմին: Պոչատ աղվես (Հովհ. Թումանյան) և արջուկ (Ռուբեն Մարուխյան), իմաստուն (Վարդան Այգեկցի) և ջուր վաճառող տղա (Ստ. Զորյան), թզուկ (Պ. Մարտիրոսյան) և հայր ճնճղուկ (Մ. Գորկի), հեքիաթասաց (Ղ. Աղայան) և հովիվ (Վոլկով), ո՜ր մեկը թվես… Հաճախ էլ՝ մի ներկայացման մեջ՝ մի քանի դեր, ոնց հեքիաթասացն է դերից դեր սահուն անցում կատարում՝ հեքիաթ ընթերցելիս…

Մանուկ հանդիսականը, սակայն, միայն այս դերերով չի ճանաչում սիրված դերասանին:

1992-ից աշխատում է նաև UNIMA տիկնիկային գործիչներիմ իջազգային միության հայկական կենտրոնում՝որպես դերասան: Քանի՜ սերունդներ են դաստիարակվել «Հեքիաթն է կանչում» հեռուստահաղորդմանը Ռոբերտ Սարգսյանի պատումներով և կերպարներով:

Հիշատակելի են նրա կերպավորումները «Թատրոն անիվների վրա» թատերախմբում, որտեղ խաղացել է Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Շերիֆ փաշա), Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» (բժիշկ) ստեղծագործությունների բեմադրություններում: Թատերախմբերի կազմում հանդես է եկել հյուրախաղերով մի քանի տասնյակ երկրներում, մասնակցել փառատոների: Ունի պատվոգրեր, շնորհակալագրեր, Մշակույթի նախարարությունից ոսկե մեդալ, և օրերս էլ իր ծնդդյան 60-այակի առթիվ այդ պատվոգրերի թիվն ավելացավ: Բայց, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ պատվոգրերը չեն առաջնային ցուցիչը նրա բարձր հեղինակության՝ թե որպես տիկնիկավար-դերասանի, թե; իբրև մարդու: Նրան ճանաչում են՝ իբրև մարդ-տոնի, մարդ-հրավառության, իր բնույթով լավատես ու լավատեսություն հաղորդող, ընկերներական շրջապատի հոգի, մանկությունը չկորսած հասուն մարդու, որի խոսքն է՝ միշտ պետք է հավատալ և ապրել հեքիաթով:

Հենց այդ հեքիաթներից մեկին մասնակից դառնալուց հետո էլ գրում եմ Ռոբերտ Սարգսյանի մասին: Իր 60-ամյա հոբելյանի առթիվ Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրունում ներկայացում էր, ու հոբելյարը խաղում էր անխելք մարդը համանուն հեքիաթի տինիկային բեմադրությունում: Տիկնիկն ու ինքը մին էին՝ լոռվա բարբառային խոսվածքի նուրբ շեշտադրմամբ, հեքիաթի բարոյախոսության իմաստնությամբ: Մեծահասակները շատ էին դահլիճում, ու լիաթոք ծիծաղում էին, արձագանք տալիս համարյա ամեն մի ռեպլիկի, ոնց մանկահասակ հանդիսականները: Ռոբերտին հաջողվել էր բոլորին , թեկուզ կարճ ընթացքով, իր աշխարհը տեղափոխել, մանկանց հետ խոսել հասկանալի լեզվով, հասուններին՝ կտրել իրականությունից: Ու ես մտածեցի՝ որքա՞ն ենք մենք հեռու հեքիաթից: Ընդամենը մի քայլ…

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планомНа изображении может находиться: 1 человек, улыбается, текст «24/11/2015 05:02»На изображении может находиться: 2 человека, люди улыбаютсяНа изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: 24 человека, люди улыбаются, люди стоятНа изображении может находиться: 1 человек, стоитНа изображении может находиться: 3 человека, люди на сцене, ночь и на улицеНа изображении может находиться: 4 человека, люди стоятНа изображении может находиться: 1 человек, шляпа

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments