ԱՄՆ-ի ու Իրանի առաջին հաղթանակը. ռուս-թուրքական առերեսում

- in Միջազգային

ԱՄՆ դաշնային ավիացիոն դեպարտամենտը ամերիկյան ուղեւորատար օդանավերին թույլատրել է վերսկսել թռիչքները Պարսից եւ Օմանի ծոցերի գոտում: Թռիչքների արգելքը սահմանվել էր այն բանից հետո, երբ իրանական ՀՕՊ-ը խոցել էր ուկրաինական ուղեւորատար Բոինգը:

Դա էլ տեղի էր ունեցել իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությանը հաջորդած իրադարձությունների ժամանակ, երբ հրթիռակոծվում էին Իրաքի ամերիկյան ռազմակայանները:

ԱՄՆ դաշնային ավիացիոն դեպարտամենտը հայտնել է, որ թռիչքների վերականգնումը հնարավոր է, քանի որ իրանական խոցման ռիսկը նվազագույն է, տեղի է ունեցել Իրանի ռազմական դիրքորոշման լիցքաթափում:

ԱՄՆ ավիացիոն պետդեպարտամենտի որոշումը նշանային է մերձավորարեւելյան գոտում ստեղծված իրադրության համատեքստում: Տարեսկզբին տեղի ունեցած հայտնի զարգացումների բերումով առաջացած իրան-ամերիկյան գերլարումը տրանսֆորմացվում է ռուս-թուրքական գերլարման: Եթե մեկուկես ամիս առաջ կետը «զրոյական կետը» ամերիկա-իրանյան հարաբերությունն էր, ապա այժմ ռեգիոնում այդ կետը սիրիական իդլիբում ռուս-թուրքական հարաբերությունն է:

Ըստ էության, ամերիկա-իրանյան գերլարումը ռեգիոնում կատալիզացրեց բոլորովին նոր գործընթացներ ու խմորումներ, որոնք էլ առերեսել են Մոսկվային ու Անկարային:

Իրադարձությունների զարգացման համատեքստում տարբեր հրապարակումներում առիթ ունեցա խոսել գերլարման եւ թեժ հռետորաբանության խորքային տողատակում ամերիկա-իրանյան որոշակի նոր խաղի մասին, դիմակայության ռեժիմում Վաշինգտոնի անուղղակի առաջարկի մասին, որն իրանյան վերնախավի համար միանգամայն ընդունելի էր:

Գործնականում, Իդլիբի շուրջ ռուս-թուրքական տրոհումն այդ խաղի առաջին արդյունքից մեկն է, որը շահեկան է երկուսի համար էլ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն Իդլիբի թուրքական «թիկունքում» է՝ գործնականում զգալիորեն արգելակելով «նահանջի» ճանապարհը, իսկ Իրանը նույն տրամաբանությամբ՝ ռուսական «թիկունքում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments