«Անատոլի Պապյանը մեր մշակույթում թողել է իր ոսկե էջը» – Լուսանկարներ

- in Մշակույթ

Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Անատոլի Պապյանի 95-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը:

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում ցուցադրվում են ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի ստեղծագործությունները՝ գծանկարներ, յուղաներկ կտավներ, էսքիզանկարներ: Հետահայաց այս ցուցահանդեսը ոչ միան տուրք է հանրահայտ նկարչի հիշատակին, այլ նաև մի յուրօրինակ ուղևորություն, որ ցույց է տալիս նկարչի կայացման ուղին՝ իր վաղ շրջանի նկարչությունից մինչև հասուն շրջանի գործերը: Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետների մեծ մասը եղել են Անատոլի Պապյանի աշակերտները, արվեստակից ընկերները, և նրանցից մի քանիսն իրենց խոսքն ասացին Ա. Պապյան մարդու և արվեստագետի մասին՝ նշելով այն երախտագիտության զգացումը, որ կրում են իրենց հոգիներում ուսուցչի, ընկերոջ ու խորհրդատուի հանդեպ: Հիշեցին, որ 90-ականների ցուրտ ու մութ տարիներին անգամ Անատոլի Պապյանը դժվարությամբ, բայց ճշտապահորեն ներկայանում էր Գեղարվեստի ակադեմիայի դասերին, թեկուզ իմանալով, որ միայն մի ուսանող է տվյալ պահին ներկա: Չէր զլանում իր առաքելությունը կատարելիս, չէր կոտրվում…

Արվստի կրակը բոցկլտաց նրա մեջ մինչև իր մահ, և ահա իր վախճանից շուրջ տասներեք տարի հետո բացվում է ցուցահանդես՝ «Ճանապարհ» խորագրով: Առիթն Անատոլի Պապյանի 95-ամյակն է: Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաները, մասնագետների գնահատմամբ, աչքի են ընկնում անմիջաիանությամբ, իր ապրած ժամանակների անհատի ապրումները, նաև հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով: Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ գեղարվեստականության հասնելու վարպետությունը:

Իսկ ես ցուցադրված գործերում տեսա պրոֆեսիոնալիզմ, գույնի ու գծի գործածման ճշգրիտ- անպաճույճ արտահայտչականություն, դիմանկարներում՝ մարդկային բնութագրի խորքայնություն և խորատեսություն, գծանկարներում և էսքիզներում՝ Վարպետի ձեռագրի հստակությունը: Նաև գաղափարայնությունը, որով բնութագրվում են, ասենք, «Մարդ է ծնվում» եռանկարը և այլ գործեր:

«Մեր ժողովուրդը հարուստ է մեծերով, որոնք գնում են՝ մնալու համար պատմության մեջ՝ թողնելով հիշատակ, որով հպարտանալու ենք մենք և եկող սերունդները: Այդ մեծերից մեկն է Անատոլի Պապյանը:- Ա. Պապյանի մասին իր խոսքում ընդգծեց գեղանկարիչ Էդ. Վարդանյանը, որ աշակերտել է Պապյանին, ապա երկար տարիներ եղել իր կրտսեր ընկերն ու գործընկերը:- Իմ կյանքի լավագույն տարիներն եմ համարում այն ժամանակահատվածը, որ շփվել եմ իր հետ: Որովհետև ամեն օր սովորելու, վերցնելու առիթը կար, և ոչ միայն որպես նկարիչ, այլ որպես մարդ, քաղաքացի, հայրենասեր… Այսինքն, մարդ, որի արժեքը շատ մեծ է: Եվ նրա թողած ժառանգությունը հավասարազոր է այն ճարտարապետական կոթողներին, որոնք արժևորում են մեր մշակութային պատմությունը: Անատոլի Պապյանի թողած ժառանգությունն այդպիսի հարստություն է մեզ համար: Ինչպես Գառնու տաճարը, եկեղեցիները, որ պահպանվում են: Նման պահպանություն պիտի լինի նաև նմանատիպ նկարիչների արվեստի հանդեպ: Ես բախտ եմ ունեցել ներկա լինելու նրա ստեղծագործական պոռթկումներին: Նկարիչների միության անդամների երևի հիսուն տոկոսն աշակերտել են Ա. Պապյանին: Սակայն ցուցահանդեսի բացմանը եկել են միայն նվիրյալները, որ ուրախանան, հպարտանան: Նա մեր մշակույթում թողել է իր ոսկե էջը, և այդ ոսկե էջը փոխել չի լինի: Այս ցուցահանդեսը ևս մի անգամ վկայում է, որ արժեքը կա, բայց գնահատականքը չի երևում»: Ներկաները խոսեցին նաև մի քանի խոշորածավալ գործերի մասին, որոնք իրենց մեծանասշտաբայնության պատճառով հնարավոր չի եղել տեղափոխել և ցուցադրել: Մոնումենտալ նշանակության այդ գործերը պետք է որ իրենց արժանի տեղը գտնեն հատուկ սրահերում, ձեռք բերվելով պետության կամ անհատների կողմից՝ մշտապես ցուցադրվեն՝ հասու դառնալով արվեստասեր հանրությանը:

Հասմիկ Սարգսյան

На изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: на улицеНет описания фото.На изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: на улицеНа изображении может находиться: 1 человекНа изображении может находиться: 1 человекНет описания фото.

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments