Ilham Aliev

Հայաստանի հանրությունն աշխույժ քննարկում է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ քննարկում-բանավեճը:

Հանրային արձագանքը գտնվում է հիացականից մինչեւ ախուվախի տիրույթում, թեեւ միջակայքում կան զգալի թվով ռացիոնալ դիտարկումներ թե դրական գնահատականի, թե ընդդիմախոսության համատեքստով:

Մեծ հաշվով, այդ հանգամանքն ինքնին արդեն խոսում է հայկական ուժի մասին, քանի որ ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթում այդօրինակ լայն քննարկումները բացառվում են:
Մյունխենում տեղի ունեցածի հանդեպ Հայաստանի հանրային-քաղաքական արձագանքը ընդհանուր առմամբ գտնվում է մի գերակայող տրենդի ներքո: Խոսքն այն մասին է (իհարկե որոշակի բացառություններով՝ որոնց հեղինակները պնդում են, թե վատ էր), որ արձագանքների մեծամասնության հիմքում «կարող էր լինել ավելի լավ» մտայնությունն է: Այսինքն, վատ չէր, կամ ամենեւին վատ չէր, պարզապես կարող էր լինել եւ ավելի լավ, ընդ որում վարչապետի թե բովանդակային, թե իմիջա-վարքագծային մասնակցության ասպեկտով:

Վարչապետը Մյունխենում արձանագրեց այն շեշտադրումները, որոնք դրվել են Արցախի հարցում նախորդ շրջանի ժառանգությունից ձերբազատվելու գերակա խնդրի համատեքստում: Խոսքը մադրիդյան սկզբունքներից հրաժարման մասին է: Հայաստանն անում է ոչ կտրուկ, սակայն միարժեք քայլեր այդ ուղղությամբ: Կտրուկ քայլերի բացակայությունը թերեւս պայմանավորված է լոկ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքի անհրաժեշտությամբ: Մյունխենից հետո ֆեյսբուքյան գրառումով Հայաստանի վարչապետը գործնականում ազդարարեց, որ կան այլեւս մյունխենյան, ոչ մադրիդյան սկզբունքներ:

Դա անշուշտ ֆեյսբուքյան գրառումով չէ, որ կա, կամ չկա: Դա կախված է Հայաստանի պետական քաղաքականության ամրությունից, այդ քաղաքականության ներքին բազայից: Բայց Երեւանը այդ առումով դրսեւորեց հետեւողականության հերթական ակտը՝ Մյունխենում, Ալիեւի ներկայությամբ:

Ընդհանուր առմամբ, մյունխենյան իրադարձությունները՝ բանավեճից առաջ նաեւ Ալիեւի հետ առանձին հանդիպումը, հետաքրքիր էին ոչ միայն զուտ բովանդակային հայտարարությունների, այլ նաեւ այսպես ասած անտուրաժի առումով: Մասնավորապես, բանավեճից ավելի ուշադրության արժանի էր թերեւս երկու հանգամանք:

Նախ, առանձին հանդիպմանը, որ նախորդեց բանավեճին, Նիկոլ Փաշինյանը բավական ուշացավ, մի քանի րոպե անհարմար-միայնության մեջ թողնելով Ադրբեջանի նախագահին: Նիկոլ Փաշինյանի գալուց Ալիեւի հետ ողջույնի ձեռքսեղմումը եւ արարողակարգային լուսանկարման մի քանի վարկյանները բավականին ընդգծված արտացոլում էին որոշակի նյարդային մթնոլորտի առկայությունը: Ինչու՞ Փաշինյանը ստիպեց Ալիեւին սպասել: Դա ինչ որ բանի դիմաց պատասխա՞ն էր, թե՞ առավելության ընդգծում:

Դրան զուգահեռ, հետաքրքիր երկրորդ հանգամանքն արդեն քննարկում-բանավեճին Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ներկայությունն էր, ինչը թերեւս ամենահետաքրքիրն էր այդ երեկո ադրբեջանական կողմում: Հետաքրքիր այն առումով, որ Ադրբեջանում ներկայում ներիշխանական, ներկլանային պայքարի բավական սուր շրջան է, որի վառ դրսեւորումն էր նաեւ Մեհրիբան Ալիեւայի Մոսկվա այցից անմիջապես հետո խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրության հանգամանքը: Բաքվում խոսում են նախագահական իշխանության փոխանցման մասին:

Այս համատեքստում էլ բազմիմաստ էր միկրոհեղափոխությունների մասին Փաշինյանի ակնարկը:

Spread the love