Elections 2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը կամ, այլ կերպ ասած՝ Իդլիբի դիմակայությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարայում չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել ԱԳՆ պատվիրակությունների մակարդակում: Առաջիկայում թուրքական պատվիրակությունն է մեկնելու Մոսկվա՝ բանակցությունը շարունակելու: Իդլիբը դարձել է ռուս-թուրքական բախման կետ, և Անկարան ու Մոսկվան առերեսվել են լուրջ խնդրի, որը չեն կարողանում հանգուցալուծել արդեն մի քանի օր շարունակ: Անկարան վերջնագիր է ներկայացրել Ասադի բանակին՝ հեռանալ Իդլիբից, այլապես սպառնալով սկսել ռազմական պատասխան գործողություն: Դա այլ բան չէ, քան վերջնագիր Ռուսաստանին, թեև, իհարկե, սիրիական բանակը միայն Մոսկվայի աջակցությամբ չէ, որ սկսել է Իդլիբը վերահսկողության տակ վերցնելու ռազմարշավը:

Էրդողանն էլ հայտարարել է, որ դրա հետևում Ռուսաստանն ու Իրանն են: Մենք նախօրեին անդրադարձել էինք Աստանայի եռակողմ ձևաչափի այդ երեք դերակատարների միջև կոնֆլիկտային իրավիճակին, որը համակ ուշադրություն է պահանջում Հայաստանից: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ թերևս տեղին է շոշափել հարցը, թե արդյո՞ք ուշադրությունից բացի, Հայաստանից այստեղ կարող են ակնկալվել քայլեր: Խոսքը, անշուշտ, ուղիղ քայլերի մասին չէ՝ Իդլիբի շուրջ իրավիճակին վերաբերող, քանի որ այստեղ Հայաստանը հասկանալիորեն խաղացող չէ և, թերևս, պետք էլ չէ, որ Հայաստանը ներգրավված լիներ ռազմական դիմակայության այդ և ընդհանրապես որևէ այլ միջազգային բեմում: Սակայն այստեղ իրավիճակը, թերևս, հիմք է տալիս խորհել անուղղակի քայլերի մասին, հատկապես նկատի ունենալով այն, որ ընթացիկ տարին նշանակալի տարելից է Հայոց ցեղասպանության համար:

Ապրիլը ոչ միայն Սահմանադրական դատարանի հանրաքվեի ամիսն է, այլ նաև հայկական ողբերգության տարելիցի ամիսը, և այս տարի լրանում է Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այդ իմաստով, խիստ անհրաժեշտ է գտնել թե՛ ձևաչափային, թե՛ բովանդակային այնպիսի լուծում, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը լինի նաև Հայաստանի քաղաքական խոսքի առիթ միջազգային հարաբերությունների ընթացիկ իրադրության համատեքստում:

Այդ տեսանկյունից, արժե թերևս դիտարկել մի հանգամանք, որի մասին խոսվում է դեռևս նախորդ տարվանից:

Նախորդ տարի մարտին Հայաստանը նախաձեռնեց Հունաստան-Հայաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափ, որի շրջանակում արդեն տեղի են ունեցել արտգործնախարարների մի քանի հանդիպումներ: Միաժամանակ խոսվում է առաջին վեհաժողովի մասին, որը պետք է լինի Հայաստանում: Հայաստանի արտգործնախարարն օրերս դրա նախապատրաստական աշխատանքի թեման քննարկել էր Հունաստանի նախարարի հետ հեռախոսազրույցում:

Նախապես հայտնի էր, որ վեհաժողովը սպասվում էր հունվարին, թեև արդեն պարզ է, որ անգամ փետրվարին այն չի կայանա: Այդ իմաստով, թերևս, հետաքրքիր կարող է լինել, որ, մի կողմից, բովանդակային առումով լավ նախապատրաստվելով, մյուս կողմից վեհաժողովը հնարավոր է պլանավորել հենց ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ժամանակացուցային հաշվարկով: