Առաջին հրաժարումը. դիվերսիա բանակում

- in Կեղտոտ լվացք
Zinvor

Զինված ուժերից ստացված հերթական բոթը՝ պայմանագրային զինծառայողի մահվան մասին, ցնցել է հանրությանն ու խթանել նոր բուռն քննարկումներ վերջին օրերին դարձյալ գլուխ բարձրացրած հարցի՝ բանակում խաղաղ պայմաններում մահերի առնչությամբ: Տարին այդ առումով սկսվել է շատ տագնապալի վիճակագրությամբ: Ինչպես նկատում են շատերը, դա բավական տխուր ու բազմիմաստ պատկեր է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի շաբաթներ առաջ արված գրառման ֆոնին՝ որ մահերի վիճակագրությունը պատմականորեն ամենացածրն է:

Տարեսկզբից սկսվել է մահաբեր մի վիճակագրություն, որի նպատակն է կարծես «ասելը», որ Նիկոլ Փաշինյանը «սխալ» էր: Վարչապետն օրերս խորհրդարանի ամբիոնից անդրադարձավ հարցին, ասելով, որ քննարկել են այն նաեւ պաշտպանության նախարարի հետ: Իսկ հարցը հնչել էր դարձյալ ստացված ողբերգական տեղեկության տաք հետքով, երբ արձանագրվել էր երկու մահ: Եվ ահա, մի քանի օր անց՝ նորը: Թեեւ դեռեւս պարզ չէ, թե ինչ հանգամանքում է տեղի ունեցոլ նոր ողբերգությունը, բայց հանրությունը տագնապում է:

Խորհրդարանում վարչապետի պատասխանը բավական կցկտուր էր եւ միաժամանակ վերացական: Նա իհարկե խոսեց խնդրի խորքային, մշակութային, արժեհամակարգային արմատի մասին, ինչը լիովին իրավացի արձանագրում է, սակայն վարչապետի խոսքում բավակայում էր, թե այդուհանդերձ ինչ հրատապ քայլեր են դիտարկվում իրավիճակը կարգավորելու, կառավարելու համար:

Մինչ այդ, հանրությունն անում է իր դիտարկումները, ընդ որում խոսում նաեւ պաշտոնանկությունների կամ հրաժարականների մասին: Ամեն ոք դիտարկում է ըստ իր հայեցողության, տեսակետի կամ պարզապես ըստ որոշակի քաղաքական շահագրգռության: Լինելու՞ է առաջին հրաժարական, եւ ո՞վ է լինելու առաջինն այդ իմաստով: Հարկ է միաժամանակ արձանագրել, որ զինուժի անմիջական կառավարման պատասխանատուն պաշտպանության նախարարը չէ, այլ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ի դեպ, այդ արձանագրումը առիթ եմ ունեցել անելու նաեւ տարիներ առաջ, երբ դարձյալ նույն խնդիրը սրվել էր ու թիրախում հայտնվել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ ԳՇ շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կարծես թե չէր ներկայացվում որեւէ հարցադրում: Կա համանման պատկեր նաեւ այժմ՝ գոնե հանրային դիտարկումների տիրույթում:

Միեւնույն ժամանակ, պետք է նաեւ հարց տալ, իսկ արդյոք հրաժարական է պետք, թե՞ պետք է հրաժարում՝ խնդիրները այսպես ասած տարածված «մեթոդաբանությամբ» դիտարկելուց: Այն, որ խնդիրը ուղղակի խորքային, մշակութային, մտածողական մակարդակից է՝ ինչպես արձանագրել էր վարչապետը, անկասկած է: Միաժամանակ չափազանց բարդացնում է իրավիճակն այն, որ գործ ունենք սողացող պատերազմի, խրամատային պատերազմի մեջ գտնվող բանակի հետ:

Իսկ դա բերում է չափազանց սուր պարադոքսների կամ հակասությունների խորքային արտահայտման: Որովհետեւ, օրինակ, խրամատում հերոս՝ իրապես հերոս, հերոսացող սպան կամ զինվորը զորանոցում կարող են դառնալ որեւէ աղետի, ողբերգական միջադեպի մասնակից ու պատասխանատու: Դիտարկել խնդիրն առանց խորքային, մշակութային եւ ընդհուպ հոգեբանական ասպեկտները հաշվի առնելու, կնշանակի զբաղվել ժամավաճառությամբ կամ պարզապես քաղաքական նենգափոխումներով ու շահարկումներով:

Արցախի արտգործնախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն անդրադարձել էր ողբերգական տեղեկությանը եւ ցավակցելով զոհված ծառայողի հարազատներին, խոսել էր նաեւ իրավիճակից ելքերի մասին, նշելով, որ դա բանակ-հանրություն կապին նոր բովանդակություն հաղորդելն է: Այն, որ առկա խորքային խնդիրը չի կարող մնալ միայն բանակի ուսերին, անկասկած է, եւ խնդրի լուծման, իրավիճակի արդյունավետ կառավարման գործում հանրության դերի մասին խոսել եմ Սա աղետ է. բանակը պահանջում է արտակարգ իրավիճակ հրապարակման մեջ: Հանրությունը պետք է ներգրավվի, եւ խնդիրը լոկ քաղաքացիական վերահսկողությունը չէ: Խնդիրը իրավիճակի կառավարման գործում քաղաքացիական ներգրավումն է, հանրային ներգրավումը: Բանակն անկարող է իրենով կրել թե պատերազմի, թե միաժամանակ քաղաքակրթական վերափոխման բեռը: Այդ բեռը պետք է առավել գործնական տիրույթում կիսի հանրությունը: Պետք են դրա հնարավոր մեխանիզմների շուրջ մասնագիտական քննարկումներ եւ արագ որոշումներ:

Միաժամանակ, ողբերգությունները թույլ չեն տալիս խոսել որեւէ բան, բայց միեւնույն ժամանակ՝ համացանցում վախճանաբանական աղմուկը ամենեւին արդյունավետ չէ խնդրի լուծումների որոնման տեսանկյունից: Հակառակը, այդ վախճանաբական աղմուկը պարարտ հող է բանակի դեմ ուղղակի թե անուղղակի տեղեկատվա-քարոզչական «դիվերսիոն» գործողությունների համար, որոնց նպատակներից մեկն էլ թերեւս հենց այդօրինակ աղմուկ առաջացնելն է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments