Առկա կադրային «հումքը» ծնելու է նոր վանեցյաններ ու օսիպյաններ

- in Պնակալեզներ

Մի շարք կոռուպցիոն գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ լքել են հանրապետության տարածքը, ինչի հետևանքով այդ գործերով քննությունը մտել է փակուղի կամ նման սպառնալիքի առջև է կանգնած: Այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով:

Բայց հարցս հետևյալն է. արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հանդես է գալիս հերթական սկանդալային հայտարարությամբ՝ իհարկե, չնշելով անուններ։ Մյուս կողմից՝ հասարակությունը լավ գիտի, թե ովքեր են հեղափոխությունից հետո ղեկավարել իրավապահ մարմինները ու, ըստ ամենայնի, կառավարության ղեկավարը խոսում է հենց Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի մասին։ Նրանք են Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հանդես եկել հեղափոխության «Ռոբին Հուդ»-ների դերում՝ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնելով բրենդային։ Այդ հետո պարզվեց, որ ԱԱԾ նախկին տնօրենն ու նախկին ոստիկանապետը, մեղմ ասած, ապահովել են նախկինների կոմֆորտը՝ հաճախ բացահայտորեն լինելով վերջիններիս «տանիքը»։ Վանեցյանի յուրաքանչյուր հրապարակային խոսք դրա մասին է՝ բացահայտ ու ակնարկներով։

Իհարկե, կարծում եմ՝ վարչապետը պետք է ձեռնպահ մնա անհասցե քննադատություններից ու առնվազն երկու հանգամանքով արձանագրի նաև իր քաղաքական պատասխանատվությունը, որովհետև իրավապահ մարմինների «դավաճան» ղեկավարները, ի վերջո, երկնքից չեն իջել ու կառավարությունում հայտնվել են հենց Փաշինյանի առաջարկությամբ ու նախաձեռնությամբ։

Հասարակությունը կարիք ունի ոչ թե բարձրագոչ հայտարարությունների, այլ երկրի վարչապետի կոնկրետ ու հասցեական խոսքի։ Փաշինյանը ոչ միայն անուններ պետք է տա, այլ նաև ընդունի իր քաղաքական պատասխանատվությունը՝ առ այն, որ հեղափոխության հաղթանակից հետո սխալվել է՝ իրավապահ մարմիններում պաշտոններ տալով մարդկանց, որոնց միջոցով նախկիններն ականապատել են պետական կառավարման համակարգը։

Մյուս կողմից՝ եթե Վանեցյանի, Օսիպյանի, այլոց գործողություններում կա հանցակազմ կամ դավաճանություն, ապա ժամանակն է, որպեսզի նրանք թիրախավորվեն ոչ թե երկրի ղեկավարի հայտարարություններով, այլ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններով։ Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ նրանք երեկ լափել են հեղափոխության ռեսուրսը, այսօր օգտվում են դրա «թավիշից»՝ ծաղրելով հասարակությանը, նրա աչքերում արժեզրկելով կառավարությանը։

Մյուս կողմից այս քայլերը կանխարգելիչ նշանակություն կունենան ու կբացառեն իրավապահ համակարգում արատավոր երևույթները։ Հակառակ պարագայում՝ ԱԱԾ-ում և ոստիկանությունում այսօր առկա կադրային «հումքը» ծնելու է նոր վանեցյաններ ու օսիպյաններ, ու մենք անընդհատ մնալու ենք նույն շրջապտույտի մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments