Zinvor

Հանրությանը ցնցել է բանակից ստացված հերթական ողբերգական տեղեկությունը: Արցախում մահացել է երկու ժամկետային զինծառայող: Նրանք մահացել են ոչ հակառակորդի գնդակից:

Դեռևս պարզ չեն դեպքի մանրամասները, սակայն հազիվ թե դրանք պարզ լինելու դեպքում մեղմեն մի կողմից մարդկային կորստի սուր ցավը, մյուս կողմից՝ հանրության մեջ արդեն իսկ առկա տագնապն ու մտահոգությունը զինված ուժերում տիրող իրավիճակի, այսպես ասած ոչ կանոնադրական հարաբերությունների կամ խաղաղ պայմաններում զոհերի առնչությամբ: Ընդ որում, այստեղ պետք է արձանագրել մի հանգամանք՝ մեկընդմիշտ պետք է մի կողմ դնել վիճակագրությունը, եթե նույնիսկ այն խոսում է դեպքերի նվազման մասին: Դա մեզ խաբում է, մոլորեցնում, կամ դրանով մենք ենք մեզ խաբում ու մոլորեցնում:

Մենք ունենք մարդկային խիստ սահմանափակ ռեսուրս և, ըստ այդմ, անգամ մեկ զինվորի կյանքը մեզ համար գերագույն արժեք է, առաջնային պահպանության ենթակա արժեք: Անկասկած է ևս մի հանգամանք: Առկա ողբերգական իրավիճակը զուտ կառավարման էֆեկտիվության խնդիր չէ, որովհետև այստեղ գործ ունենք խորքային, քաղաքակրթական խնդրի հետ: Այն, ինչ կատարվում է բանակում զինվորների հետ փոխհարաբերության առումով, ինչը հաճախ հանգեցնում է ողբերգական հետևանքի, մի երևույթ է, որը տասնամյակներով գեներացվել և, մեծ հաշվով, առ այսօր գեներացվում է հասարակության ամենատարբեր շերտերում, եթե ոչ մանկապարտեզից սկսած, ապա դպրոցից՝ հաստատ: Դա կկոչվի քրեական ենթամշակույթ, թե որևէ այլ անվանում կունենա, «ճաշակի» հարց է, բայց որ այդ երևույթը արդեն «ճաշակի» մակարդակի կամ աստիճանի է հասցվել՝ ընդհուպ զանգվածային լրատվամիջոցներով, հեռուստատեսությամբ գրեթե ամեն ալիքով հորդող տարաբնույթ սերիալներով և այլ ձևաչափերով, աներկբա է: Նույնքան աներկբա է, որ այլևս պատճառն ու հետևանքը այնպիսի հարաբերակցության մեջ են, որ երկուսի դեմ պայքարը պահանջում է ինտենսիվություն, և վերջինը, թերևս, ավելի: Որովհետև վերջինը արժենում է մարդկային կյանքեր, թեև, մեծ հաշվով, ողբերգությունը սկսում է առաջինից՝ հանրային արժեհամակարգից, աշխարհընկալումից և այլն:

Ազգային ժողովում ընդունվեց օրենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին: Մինչդեռ մենք, որպես հասարակություն, ոչ միայն դեռևս չունենք օրենքի կիրարկման ընդգրկուն գործընթացի մասին պատկերացում, այլ անգամ օրենքի անհրաժեշտության մասին չունենք անվերապահ կոնսենսուս: Դրա վառ վկայությունն այն էր, որ խորհրդարանում կար անգամ ուժ, որը համարձակվում, և անգամ անհարմար չէր զգում խոսել այդ օրենքի ընդունման դեմ: Եվ դա այն դեպքում, երբ նույն այդ ուժի ներկայացուցիչներն ու համակիրները կարող են լուրջ դեմքով դատապարտել բանակում ողբերգությունները և կոչ անել ձեռնարկել քայլեր, առանց դույզն ինչ մտածելու պատճառահետևանքային շղթայի և դրանում սեփական պատասխանատվության մասին: Եվ այստեղ է, թերևս, հարցերի հարցը՝ տեղի ունեցողի հանդեպ յուրաքանչյուր քաղաքացու սեփական պատասխանատվության հարցը: Եթե մենք խնդրին չմոտենանք հենց այդ հարցադրումով, մենք որևէ էական քայլ չենք անելու դեպի լուծում, որևէ էական շարժ չենք կատարելու բանակում առկա ողբերգական իրողությունների խորքային լուծման ուղղությամբ: Մինչդեռ, ողբերգությունները շատ շատերի համար առիթ են քաղաքական շահարկումների ուղղությամբ քայլելու համար, դրանք համարելով անձնական, խմբային շահեր սպասարկելու պատեհ առիթներ, երբեմն նույնիսկ սգակիր ուղեկցողների դեմքով: Իրավիճակը պահանջում է մոբիլիզացիա, ինչպես պատերազմում: Պարզապես տվյալ դեպքում խոսքը ոչ թե պահեստազորի մոբիլիզացիայի մասին է, այլ քաղաքացիական մոբիլիզացիայի, որովհետև գործ ունենք ոչ թե արտաքին, այլ խորքային թշնամու հետ, կամ, այլ կերպ ասած՝ որքան էլ ցավալի լինի դա խոստովանել, ցավալիորեն գործ ունենք ինքներս մեզ հետ: