Ասադի հայկական անակնկալը Ռուսաստանին ու Թուրքիային

- in Միջազգային
Asad

Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին ընդունել է հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւ, որը խորհրդարանի քննարկմանն էր դրվել սիրիա-հայկական բարեկամության խմբի նախաձեռնությամբ:

Սիրիական Իդլիբում ներկայում տեղի են ունենում թեժ զարգացումներ, որոնք բերել են Ռուսաստանի եւ Թուրքիայի առճակատման: Մոսկվան ու Անկարան տեւական ժամանակ փորձում են պայմանավորվել Իդլիբի իրավիճակի շուրջ:

Նախօրեին հեռախոսազրույց էին ունեցել Պուտինն ու Էրդողանը, խոսելով քննարկումները կամ պայմանավորվելու փորձերը շարունակելու անհրաժեշտության մասին: Դրան զուգահեռ, Թուրքիայի նախագահը հայտարարություն էր արել, որ Իդլիբում սիրիական կառավարական բանակի ռազմարշավի հետեւում Ռուսաստանն ու Իրանն են: Էրդողանը հայտարարել էր, որ մինչեւ փետրվարի վերջ ռազմարշավը չդադարեցնելու եւ Ասադի բանակը հետ չքաշելու պարագայում Թուրքիան «առանց երկմտելու կանի այն, ինչ պետք է»:

Սիրիայի կառավարական բանակը փորձում է ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Իդլիբի շրջանը, ինչը կլինի նախագահ Ասադի խոշոր հաջողությունը: Էրդողանն անշուշտ իրավացի է, որ այդ հաջողությունը կառուցված է ռուսական եւ իրանյան աջակցության, միեւնույն ժամանակ Սիրիայում ազդեցության համար Ռուսաստանի եւ Իրանի միջեւ պայքարի վրա: Ընդ որում, Բաշար Ասադն ինքն իր ռազմա-քաղաքական դիրքերն արդեն մի քանի տարի հաջողությամբ կառուցում է հենց այդ իրողությունների վրա:

Այդուհանդերձ, Իդլիբի հարցում վճռորոշը թերեւս Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունն է: Կպայմանավորվե՞ն Մոսկվան ու Անկարան: Սիրիայի խորհրդարանում հայկական բանաձեւի ընդունումը թերեւս Բաշար Ասադի երաշխիքային խաղաքարտերից մեկն է՝ ռուս-թուրքական պայմանավորվածության վրա ազդեցության իմաստով:

Դամասկոսն ըստ ամենայնի այդպիսով փորձում է ազդակ հղել Մոսկվային, շատ լավ պատկերացնելով, որ Ռուսաստանն է հայկական հարցում Թուրքիայի պահանջների բավարարման գլխավոր «մոդերատորը»՝ 1921 թվականի պայմանագրի «տառին եւ ոգուն» համապատասխան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments