Աստղիկները ջազում՝ Զարուհի Բաբայանն ու Ջամալան

- in Մշակույթ
Jazz

Երգչուհի Զարուհի Բաբայանը, որն օրեր առաջ երաժշտասերների դատին հանձնեց «Տարիներ» երգի հիման վրա նկարահանված հոլովակը, նոր ձայնասկավառակ է թողարկելու:

ՀՀ վաստակավոր արտիստուհին ասաց, որ սկավառակում ընդգրկված են լինելու բացառապես ջազային ստեղծագործություններ:

«Առաջիկա ծրագրերը շատ են, իսկ հիմա աշխատում եմ նոր սկավառակի ստեղծման վրա, որում զետեղվելու են իմ հոգուն հարազատ գործեր` գրված հատուկ ինձ համար»,-նշեց Բաբայանը:

Նրա խոսքով` համագործակցում է տեղացի երգահանների և կոմպոզիտորների հետ` փորձելով համատեղ ուժերով լավ արդյունք ստանալ:

«Վերջերս հայկական ուրախ երգեր և ջազային բալլադներ ներկայացրի: Հույս ունեմ, որ 2020-ին կկարողանամ պարբերաբար մատուցել ստեղծագործություններ ջազային ժանրում: Կարծում եմ` տարին լավ է սկսվել ինձ համար. արել եմ այն, ինչ սրտիս հարազատ է, այն, ինչ շատ եմ ուզել: Հուսամ` այս ամենը կունենա իր տրամաբանական ավարտը, և հանդես կգամ համերգային ծրագրով»,-ընդգծեց Զարուհի Բաբայանը:

Ուկրաինացի երգչուհի Ջամալայի ներկայացուցիչները մեկնաբանել են Երևանում նախատեսված համերգի չեղարկման պատճառները՝ մեղադրելով հայկական Dream Project կազմակերպությանը սուտ տեղեկություններ տարածելու մեջ:

Նշվում է, որ համերգի կազմակերպիչ Dream project-ը պարտավորվել էր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը կանխվաճար փոխանցել: Ջամալայի ներկայացուցիչները նշում են, որ գովազդային արշավ ու տոմսերի վաճառք սկսելուց առաջ կանխավճարի փոխանցումը պարտադիր պայման է, որի մասին տեղեկացրել են կազմակերպչին:

Ընկերության ղեկավար Հայկ Անդրեասյանը, ըստ Ջամալայի ներկայացուցիչների, ձգձգել է և գումարը չի փոխանցել: Հունվարի 15-ին Ջամալայի ներկայացուցիչները պարզել են, որ համերգի կազմակերպիչները գովազդային արշավ են սկսել՝ չհամաձայնեցնելով նյութերը և չկատարելով պարտավորություններից ոչ մեկը:

Մի քանի հիշեցումներից հետո հունվարի 16-ին Հայկ Անդրեասյանը հայտնել է, որ ընկերությունը չի կարող կատարել փոխանցում, որովհետև թղթակից բանկն ադրբեջանական է: Նրան անմիջապես այլ տարբերակներ են առաջարկվել, որից հետո Անդրեասյանը դադարել է պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին: 6 օր անց Dream project-ի հաշվապահը գրել է, որ Անդրեասյանը մայրը մահացել է, իսկ Անդրեասյանը հիվանդանոցում է: 5 օր անց հաշվապահն ասել է, որ Հայաստանում հանգստյան օր է և չի կարող կատարել վճարումը: Ջամալայի մենեջերը ևս երկու աշխատանքային օր սպասել է, որից հետո հայտնել է, որ դադարեցնում է բանակցությունները:

Ջամալայի ներկայացուցիչները նշում են, որ համբերատարություն են ցուցաբերել ու հարգանքով վերաբերվել կանխավճարի փոխանցման ձգձգումների պատճառներին, սակայն Dream project-ը 10 անգամ հետաձգել է կանխավճարի փոխանցումը՝ զուգահեռ գովազդելով համերգը ու տոմսեր վաճառելով, որոնք չի համաձայնեցրել իրենց հետ:

Նշվում է, որ համերգի չկայանալու պատասխանատվությունն ընկնում է Dream project-ի ու Հայկ Անդրեասյանի վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments