Կոստանյանը ավելի շատ հայտարարում է չվերադառնալու, քան վերադառնալու պատրաստակամության մասին

- in Պնակալեզներ
Kostanyan Gevorg

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել, որով նշում է, որ պատրաստ է վերադառնալ Երևան և պատասխանել Մարտի 1-ի գործի նախաքննության մարմնի բոլոր հարցերին:

Այդ գործով ներգրավված Գևորգ Կոստանյանը, սակայն, առաջադրում է պայման, որ հարցերը պետք է հնչեն հրապարակավ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի վարչապետի գլխավորությամբ ձևավորված շրջանակում, այլ նաև Հայաստանում ԵՄ դեսպանների ու կառույցների ներկայացուցիչների ներգրավվածությամբ:

Գևորգ Կոստանյանը, որ մարտիմեկյան գործի առնչությամբ ներգրավված է փաստաթղթեր կեղծելու դրվագի մասով, Երևան վերադառնալու պատրաստակամություն է հայտնում այդ պայմանը կատարելու դեպքում՝ նշելով, թե հրապարակավ կպատասխանի բոլոր հարցերին, ու եթե բերվի գեթ մեկ ապացույց, որ ինքը օրենք է խախտել, ապա պատրաստ է անգամ կալանավորման:

Հնարավոր է ասել, որ նախկին գլխավոր դատախազ Կոստանյանը ավելի շատ հայտարարում է չվերադառնալու, քան վերադառնալու պատրաստակամության մասին: Կոստանյանն արդեն մի քանի ամիս Ռուսաստանում է, ինչպես ասել էր՝ կրթական նպատակներով, ու ներգրավվելով գործում՝ հայտնել էր Երևան վերադառնալու պատրաստակամություն, միայն թե ավարտի գործերը Ռուսաստանում:

Փաստորեն, այժմ արդեն նա շարադրում է վերադարձի պայմաններ: Ընդ որում, դրանք այնպիսին են, որ բավականին բարդ է պատկերացնել ընդունելիությունը: Նախկին գլխավոր դատախազը իր գործունեության բերումով նաև շատ լավ է թերևս հասկանում, որ գրեթե աներևակայելի է, այսպես ասած, հարցաքննություն վարչապետի ու ԵՄ դեսպանների, օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, որքան էլ Կոստանյանը հույժ կարևոր համարի գործի հրապարակայնությունը: Ըստ այդմ էլ՝ մնում է եզրակացնել, որ մեծ հավանականությամբ նա այդ ամենը պատկերացնելով էլ տողատակում խոսում է չվերադառնալու մասին:

Դա կնշանակի, որ Գևորգ Կոստանյանը կհամալրի Հայաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կամ օդիոզ գործիչների շարքը, որոնք ապաստանում են Ռուսաստանում: Ընդ որում, նրանց մեծ մասը անցնում է մարտիմեկյան գործով այս կամ այն կերպ՝ նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյան, Լևոն Սարգսյան՝ Ալրաղացի Լյով, ում անունը կար օլիգարխների հայտնի ցուցակում:

Կոստանյանը կհամալրի՞ այդ շարքը, և դրանում նա կլինի վերջի՞նը, թե՞ հերթականը, և պետք է սպասել, թե ով է լինելու հաջո՞րդը: Թե՞ կկայացվի աներևակայելի և անսպասելի որոշումը, և Գևորգ Կոստանյանը կգա, ու ոչ միայն քննիչների, իրավապահների, այլև վարչապետի ու դեսպանների ներկայությամբ կպատասխանի հարցերին: Ի վերջո, եթե Կոստանյանը կարևոր գործոն է մարտիմեկյան գործում, ապա գուցե այդ ոչ սովորական գործում արժե քննարկել ոչ սովորական մեթոդները՝ թե՛ բացահայտմանը, թե՛ նաև այդ հարցում հանրային հաշվետվողականությանը առավելագույնս նպաստելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments