Ատելության քարոզի ստվերային դիրիժորները ոգևորված շփում են ձեռքերը

- in Կեղտոտ լվացք
Mishik

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ատելության ու թշնամանքի քարոզին ու հիշեցրեց հոկտեմբերի 27-ը: Ընդդիմախոսներն էլ, ինչպես եւ սպասվում էր, ձեւացրին՝ իբր չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, եւ «եզրակացրին», թե փաստորեն ոստիկաններն ընդդիմադիր ակտիվիստներից մի քանիսին մի քանի ժամով բերման էին ենթարկել, որ հոկտեմբերի 27 կանխեն:

Իրականում խոսքն այն մասին էր, որ հասարակության մեջ ատելության եւ թշնամանքի քարոզը ահաբեկչության  համար բարենպաստ միջավայր է ստեղծում, հետեւաբար՝ պետք է պայքարել այդ քարոզի դեմ, այդ թվում՝ նաեւ ահաբեկչության եւ այլ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման շրջանակներում:

Եվ իսկապես, այսօր երեւի քչերն են հիշում, բայց 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ Հայաստանում լրատվական դաշտը բառացիորեն հեղեղված էր ատելության ու թշնամանքի քարոզով: Մի կողմից՝ հանրության զգալի մասը ոգեւորված էր Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքով, մյուս կողմից՝ լրատվամիջոցներով անընդհատ «տեղեկություններ» էին շրջանառվում, թե իբր նախագահ Քոչարյանը եկել է երկիրը փրկելու «նախկին հանցավոր ռեժիմի դավաճաններից», բայց Վազգեն Սարգսյանը դա թույլ չի տալիս եւ դրանով իսկ խոչընդոտում է երկրի զարգացմանը: Ու ամենայն հավանականությամբ հենց այս փոխադարձ ատելության մթնոլորտն էր պատճառը, որ Նաիրի Հունանյանը վստահ էր՝ կմտնի Ազգային ժողով, կոչնչացնի «ժողովրդի արյունը ծծողներին», եւ հարյուր հազարավոր մարդիկ ցնծությամբ կլցվեն փողոցները՝ ողջունելու իրենց «ազատարարին»: Կամ էլ՝ նման մթնոլորտ ձեւավորողներն իրեն այդպես էին վստահեցրել: Ամեն դեպքում, չլիներ այդ մթնոլորտը՝ հոկտեմբերի 27-ն էլ կարող էր չլինել:

Նույնպիսի փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտ էր նաեւ 2008-ի մարտի 1-ից առաջ: Նախագահական ընտրությունների քարոզարշավը երեւի շատերն են հիշում՝ հեռուստացույցը միացնում էիր թե չէ՝ բոլոր եթերներից իշխանությունների վարձկանները հիմնական ընդդիմադիր թեկնածուին թուրք էին անվանում, պատկերում թուրքական ֆեսով՝ Թուրքիայի դրոշը ձեռքին, մեղադրում պետական դավաճանության մեջ…  Այդ ամենն ավարտվեց արյունալի բախումներով ու տասը զոհով, այսինքն՝ ժողովրդի դեմ բառիս բուն իմաստով իրականացված ահաբեկչությամբ: Չլիներ նախապես ձեւավորված այդ մթնոլորտը՝ չէր լինի նաեւ մարտի 1-ի ահաբեկչությունը: Բայց իշխանություններին «արդարացում» էր պետք. իբր՝ իրենք ոչ թե սեփական ժողովրդին են «գյուլլում», այլ միջազգային մութ ուժերի վարձկան դավաճանների կողմնակիցներին, ու իբր դա ոչ թե սեփական աթոռներն ու լափամանը պաշտպանելու համար են անում, այլ հանուն ազգային շահերի:

Հիմա Հայաստանում ատելության ու թշնամանքի քարոզի ծավալների առումով մոտավորապես նույն վիճակն է: Ընդ որում՝ շատերն են դա տեսնում, գուցե նաեւ հեռահար նպատակներն են հասկանում, բայց դեմն առնելու ձեւերը չեն գտնում (կամ էլ՝ նրանք, ովքեր պիտի գտնեն, առանձնապես մեծ ցանկություն չունեն): Ավելին՝ ըստ էության նպաստում են այդ քարոզչությանը, որովհետեւ եթե ինչ-որ ապաշնորհ գործողության արդյունքում երկրում ահաբեկչության մթնոլորտ ձեւավորողներից մի քանիսին բռնում-բաց են թողնում, ու դրանից հետո նրանց բառապաշարում լկտի հայհոյանքների չափաբաժինը միայն մեծանում է, ստացվում է, որ ըստ էության հակառակ արդյունքն արձանագրվեց:

Իսկ ատելության քարոզի ստվերային դիրիժորները ոգեւորված շփում են ձեռքերը՝ սպասելով այն օրվան, երբ քարոզչությունը կտա իր արդյունքը, եւ նոր «ռոմանտիկներ» կհայտնվեն: Իսկ առայժմ պետք է ընդամենը ատամներով պաշտպանել ատելության քարոզի իրավունքը եւ դա կանխելու ցանկացած փորձ ներկայացնել որպես խոսքի ազատության չտեսնված ոտնահարում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments