«Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- 

168.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Արթուր Վանեցյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ հավելելով, որ այս իշխանությանը բնորոշ է մանիպուլյացիաների ու կեղծիքի օգնությամբ իրենց նկատմամբ կարեկցանք հարուցելն ու հանրության ուշադրությունը բուն խնդիրից շեղելը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստմամբ դրանցում պաշտոնատար անձանց կողմից անձնական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու հանցավոր արարքի առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով:

Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մամուլի հրապարակումը վերաբերում է Պապիկյանի՝ բանակում ծառայելու տարիներին նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպի, որի ընթացքում, ըստ հրապարակման, Պապիկյանը դանակով վիրավորել է իր հրամանատարին, ինչի համար ազատազրկման է դատապարտված եղել, համաներմամբ ազատ արձակվել:

Պապիկյանը հերքեց, որ ինքը դանակով վիրավորել է որեւէ մեկին, սակայն հաստատեց, որ դատապարտված եղել է:

«Այսինքն՝ այս ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձր պաշտոնյաների եւ տվյալ անձի համաձայնությամբ՝ որեւէ մեկին տրամադրելով: Սա նշանակում է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փոխանակ զբաղված լինեին հետհեղափոխական շրջանում Հայաստանի Հանրապետությունը թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ ունեզրկող, անարգողներին ու նրանց կատարած հանցագործությունները բացահայտելու գործով՝ զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձեւավորելով: Սա անընդունելի է: Եվ տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»,- հայտարարեց Պապիկյանը: