ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել Ինտերֆաքսին, խոսելով Հայաստանում իր քաղաքական ծրագրերի մասին եւ ասելով, թե կա սեւ-սպիտակին այլընտրանք, աշխարհը գունավոր է, եւ ինքը ձեւավորելու է այդ այլընտրանքը:

ԱԱԾ նախկին պետն իրավացի է՝ աշխարհն իսկապես գունավոր է, եւ այդ փաստն ով, եթե ոչ առաջիններից մեկը հենց հայերը պետք է գիտենան ու պատկերացնեն, որ գունավոր հեռուստատեսության գյուտարար Ադամյան են տվել աշխարհին:
Ադամյանի օրինակն ի դեպ ոչ միայն խորհրդանշական, այլ նաեւ հատկանշական կարող է լինել: Նա աշխարհի գույները վերարտադրեց իր ստեղծագործության մեջ, լինելով գունավոր աշխարհը առարկայացնողներից մեկը, ստեղծողներից մեկը:

Հայաստանում շատերն են սկսել խոսել սեւի ու սպիտակի հոգնեցնող, ձանձրացնող, անգամ զզվեցնող լինելու մասին: Ավելին, դրա մասին նույնիսկ սպիտակներն էլ, սեւերն էլ խոսում են: Բայց, որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան սեւ ու սպիտակը դառնում է ավելի գերակա: Որովհետեւ չի ստեղծվում այլ բան: Այստեղ է խնդիրը՝ ստեղծել նոր քաղաքական բովանդակություն: Մի բան, որը գոնե առայժմ չի անում ոչ ոք: Նոր ինտրիգ ստեղծում են շատերը, ի դեպ այդ թվում նաեւ Արթուր Վանեցյանը, իսկ ահա նոր բովանդակություն՝ ոչ ոք:

Դա իհարկե չափազանց բարդ է, ավելի դյուրին է խոսել սեւի կամ սպիտակի անթույլատրելիության մասին: Բայց, ի՞նչ է ակնկալվում այդ մասին խոսակցության ներքո: Տրամաբանությունը հուշում է, որ այդ խոսակցությանը պետք է հաջորդի «գունավոր հեռուստատեսության» ստեղծումը: Ու՞ր է Արթուր Վանեցյանի «գունավոր հեռուստատեսությունը»: Նա կարո՞ղ է գույն ստեղծել Հայաստանի քաղաքական կյանքում՝ բովանդակության իմաստով:

Պաշտոնը թողնելուց հետո ԱԱԾ պետը ունեցել է բազմաթիվ հանրային ելույթներ, որոնք սակայն ոչ քայլ իսկ չեն մոտեցել այն մեկ հայտարարությանը, որ նա արեց ԱԱԾ պետի կարգավիճակում՝ 2019 թվականի փետրվարին արցախ-իրանյան սահմանին՝ Արաքսավանում, ազատագրված տարածքի պահպանության ու վերաբնակեցման մասին: Դա կարեւոր ռազմա-քաղաքական ազդակ էր:

Ի դեպ, մոտենում է գարունը, Արաքսի հովտի հրաշալի գունավորման ժամանակը:

Spread the love