Արմեն Գևորգյանն ինձ ասաց՝ «հետևանքների մասին մտածե՞լ ես»․ Մարտի 1-ի գործով վկա

- in Իրավունք
Armen Gevorgyan

Մարտի 1-ի գործով վկաներ Արմեն Գևորգյանի և Վիկտոր Պողոսյանի առերես հարցաքննության մասին արձանագրությունը։

Առերես հարցաքննվող Արմեն Գևորգյանը ներկայացել է փաստաբան Վարդգես Գևորգյանի հետ և խնդրեց, որ նա ներկա լինի հարցաքննությանը։ Առերես հարցաքննվող Վիկտոր Պողոսյանը ներկայացել է առանց փաստաբանի և հայտնեց, որ դրա կարիքը չունի։

Առերեսվողներին բացատրվեց, որ իրավունք ունեն ցուցմունքները գրելու իրենց ձեռքով, որի կապակցությամբ նրանք հայտարարեցին, որ խնդրում են, որ առերեսման ժամանակ իրենց տված ցուցմունքները, հարց ու պատասխաններն արձանագրվեն քննիչի կողմից։ Այն հարցին, թե ճանաչո՞ւմ են, արդյոք, իրար և ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են գտնվում միմյանց հետ, առերեսվողները պատասխանեցին։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ Ինձ հետ առերես հարցաքննվող Արմեն Գևորգյանին ճանաչում եմ։ Ես 2005-2013թթ․ աշխատել եմ ՀՀ Նախագահի աշխատակազմում, վերահսկողության ծառայությունում։ Ինձ հետ առերես հարցաքննվողը այդ ժամանակ, մասնավորապես, 2008թ․ դրությամբ հանդիսացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, այդ կապակցությամբ էլ նրան ճանաչում եմ։ Նրա հետ ունեցել եմ աշխատանքային հարաբերություններ, թշնամություն, բարեկամություն չունեմ։

Արմեն Գևորգյանի պատասխանը․ Ինձ հետ առերես հարցաքննվողին չեմ ճանաչում, սակայն չեմ բացառում, որ աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում։ Եթե նա աշխատել է իր նշած տարիներին ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայությունում, ամեն դեպքում նրա հետ որևէ աշխատանքային հարաբերություններ չեմ ունեցել։

Այնուհետև առերեսման կանչվածներին առաջարկվեց հերթով ցուցմունք տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը։

Վիկտոր Պողոսյանի ցուցմունքը․ 2008թ․ մարտի 1-ից հետո, երբ ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկվում էին ՀՀ Սահմանադրական դատարանում, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում, իմ աշխատավայրում ինձ մոտեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Գևորգ Մհերյանը և Արմեն Գևորգյանի անունից ինձ հանձնարարեց, որ իմ եղբորը՝ այն ժամանակ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանին, ասեմ, որ Սահմանադրական դատարանի որոշման ժամանակ քվեարկի այնպես, որ ընտրությունների արդյունքներն օրինական ճանաչվեն։ Ես դա փոխանցեցի եղբորս՝ Վալերի Պողոսյանին, իսկ վերջինս ինձ ասաց, որ ես ընդհանրապես չխառնվեմ այդ գործին, և եթե Արմեն Գևորգյանը որևէ բան ունի ասելու իրեն, այսինքն՝ եղբորս, թող կապվի անձամբ, առանց միջնորդների։ Ես իմ եղբոր ասածը փոխանցեցի Գևորգ Մհերյանին։ Դրանից մեկ-երկու օր անց Գևորգ Մհերյանն ասաց, որ Արմեն Գևորգյանը ցանկանում է ինձ տեսնել։ Ես մենակ գնացի Արմեն Գևորգյանի աշխատասենյակ, նրա հետ առանձին հանդիպում ունեցա, առանց որևէ մեկի ներկայության։ Մեր հանդիպումը տևեց մոտ 3-4 րոպե։ Ես, մտնելով Գևորգյանի մոտ, ասացի, որ եթե ինձ կանչել է իմ եղբոր հարցով, ապա եղբայրս ինձ արգելել է խառնվել գործի ընթացքին։ Արմեն Գևորգյանն ինձ ասաց, որ «հետևանքների մասին մտածե՞լ ես»։ Ես ոչինչ չասացի և դուրս եկա։ Դրանից հետո Արմեն Գևորգյանի հետ չենք առնչվել։

Վ․ Պողոսյան

Արմեն Գևրոգյանի ցուցմունքը․ Ես լսեցի ինձ հետ առերեսվող պարոն Պողոսյանի ցուցմունքը, այդ կապակցությամբ հայտնում եմ հետևյալը․ Գևորգ Մհերյանին ես երբևէ որևէ հանձնարարություն չեմ տվել ՀՀ Սահմանադրական դատարանում տվյալ գործի քննության հետ կապված որևէ դատավորի դիմելու, այդ թվում՝ ինձ հետ առերեսվողի միջոցով։ Նորից պնդում եմ, որ ինձ հետ առերեսվողին չեմ հիշում, այսինքն՝ չեմ հիշում ՀՀ Նախագահի աշխատակազմի տվյալ աշխատակցին և նրա հետ իր նշած բովանդակության զրույց չեմ ունեցել։

Հարց Վիկտոր Պողոսյանին․ Դուք պնդո՞ւմ եք Ձեր վերը նշված ցուցմունքը։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ Այո, պնդում եմ, որ իմ նշած ժամանակ եղել եմ ինձ հետ առերեսվողի մոտ և նման զրույց եմ ունեցել նրա հետ։

Վ․ Պողոսյան

Հարց Վիկտոր Պողոսյանին․ Դուք նշեցիք, որ Գևորգ Մհերյանը, Արմեն Գևորգյանի անունից Ձեզ հանձնարարել է, որ հանդիպեք Ձեր եղբորը և փոխանցեք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում քննվող գործով քվեարկի ընտրությունների արդյունքների օրինականության օգտին։ Իսկ Մհերյանը խնդրե՞լ է, արդյոք, փոխանցել Ձեր եղբորը, որ նա այդ հարցով ներկայանա ՀՀ Նախագահի աշխատակազմ, մասնավորապես՝ Արմեն Գևորգյանի մոտ։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ Հիմա չեմ հիշում։

Հարց Վիկտոր Պողոսյանին․ Քանի որ Դուք առերեսման ժամանակ արդեն ցուցմունք տվեցիք, և այն արձանագրվեց, ուստի հրապարակում եմ Ձեր նախորդ ցուցմունքը, որում բառացիորեն նշել եք հետևյալը․ <Գևորգ Մհերյանն ասաց, որ Սահմանադրական դատարանում վիճարկվող նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու բողոքին եղբայրս պետք է դեմ քվեարկի, այսինքն՝ բողոքը պետք է մերժեն։ Կամ նույն օրը, կամ հաջորդ օրը ես ինքս գնացի եղբորս մոտ՝ Սահմանադրական դատարան, հանդիպեցի նրան և ասացի, որ իրեն կանչում են Արմեն Գևորգյանի մոտ՝ մանրամասնելով, թե ինչ հարցով են կանչում։ Եղբայրս՝ Վալերին, ասաց, որ եթե բան ունեն ասելու, թող գնան իր մոտ ու ասեն, թող ինձ այլևս այդ հարցի մեջ չներքաշեն։ Վալերին ասաց նաև, որ ես հենց այդպես էլ փոխանցեմ։ Դրանից հետո ես մեր հիմնարկում հանդիպեցի Մհերյան Գևորգին և փոխանցեցի եղբորս ասածը։ Մհերյանը ոչինչ չասաց, բայց կամ նույն օրը, կամ հաջորդ օրն ինձ կանչեցին  Արմեն Գևորգյանի մոտ։ Երբ գնացի Արմեն Գևորգյանի մոտ, նա աշխատասենյակում միայնակ էր, մեր զրույցին երկուսիցս բացի ոչ ոք ներկա չի եղել։ Արմեն Գևորգյանն ասաց․ «Ասա, թող գա»։ Ես Գևորգյանին էլ հայտնեցի, որ եղբորս փոխանցել եմ, սակայն նա ասել է, որ նախ ես չխառնվեմ այդ հարցերին, իմ միջոցով նման հարցեր չլուծեն, և բացի այդ էլ՝ եթե ասելու բան ունեն, թող իրենք գան։ Այդ ժամանակ Գևորգյանն ասաց․ «Մտածեք հետևանքների մասին»։ Ի՞նչ կասեք այդ մասին, ի վերջո, Ձեր եղբորը նաև կանչե՞լ են նախագահական, թե՞ ոչ։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ Իմ այդ ցուցմունքը մեջբերելուց հետո ես կարող եմ ասել, որ իրոք նման ցուցմունք եմ տվել, բայց կարող է ընդամենը որոշ դետալներ շփոթած լինեմ, բայց ընդհանուր առմամբ իրադարձությունները եղել են այնպես, ինչպես նշել եմ իմ ցուցմունքներում։ Ի վերջո, ինձ Գևորգ Մհերյանն ասել է, որ եղբորս փոխանցեմ, որ դեմ քվեարկի Սահմանադրական դատարանում քննվող բողոքին, իսկ ինձ հետ առերեսվող Արմեն Գևորգյանի հետ հանդիպումն էլ եղել է նույն հարցով։

Վ․ Պողոսյան

Առերեսման կանչված անձանց առաջարկվեց հարցեր տալ միմյանց, եթե ունեն այդպիսիք։

Արմեն Գևորգյանի հարցը Վիկտոր Պողոսյանին։ Պարոն Պողոսյան, Դուք ինձ հետ Ձեր նշած ենթադրյալ հանդիպման արդյունքները պատմե՞լ եք, արդյոք, Ձեր եղբորը, ի՞նչ եք պատմել, և նա ի՞նչ ասաց։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ Ես պատմեցի եղբորս այն, ինչ տեղի է ունեցել մեր հանդիպման ժամանակ և ինչ-որ վերը նշեցի։ Եղբայրս այդ անգամ էլ ասաց, որ ես այդ հարցերին չխառնվեմ, որ ես իմ միջնորդ միսիան ավարտեմ։

Արմեն Գևորգյանի հարցը Վիկտոր Պողոսյանին։ Իսկ Դուք Ձեր եղբոր հետ միասին ինձ հետ ենթադրյալ հանդիպումից ինչ-որ եզրահանգումներ արե՞լ եք, թե՞ ոչ։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ «Ես եղբորս հետ քննարկումներ չեմ ունեցել»։

Արմեն Գևորգյանի հարցը Վիկտոր Պողոսյանին։ Պարոն Պողոսյան, հայտնեք, թե Դուք այդ ժամանակ ի՞նչ պաշտոն եք զբաղեցրել ՀՀ Նախագահի աշխատակազմում և ինձ հետ այդ ենթադրյալ հանդիպումից հետո շարունակե՞լ եք աշխատել, թե՞ ոչ, առաջխաղացում ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մինչև ե՞րբ եք աշխատել և խնդիրներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ։

Վիկտոր Պողոսյանի պատասխանը․ Ես այդ ժամանակ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայությունում աշխատում էի որպես գլխավոր մասնագետ, դրանից հետո առաջխաղացում չեմ ունեցել, խնդիրներ չեմ ունեցել, շարունակել եմ աշխատել նույն պաշտոնում՝ մինչև 2013 թվականը՝ իմ թոշակի անցնելը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments