ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, և կարծում է, որ ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ և չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը. հարցմանն ի պատասխան նշել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հարցին, թե ինչպիսին է ՀՀ նախագահի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների մասին, նախագահի աշխատակազմից պատասխանել են. «Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, ապա Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ Սահմանադրության կամ այլ օրենքի ցանկացած փոփոխություն պետք է լինի իրավունքի ընդհանուր սկզբունքներին համահունչ, անցնի օբյեկտիվ և մասնագիտական իրավաբանական փորձաքննություն, լինի անհրաժեշտ և արդյունավետ, ծառայի բացառապես պետական և ազգային շահերին: Այս առումով կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու միջոցը:

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր կարծիքն ու դիրքորոշումը, երբ կհստակեցվի դրանց ամբողջական փաթեթի կոնկրետ տեքստը»: