Արմեն Սարգսյանը հայտնվել է սուր եւ կոշտ քննադատության թիրախում

- in Վերլուծական

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտնվել է սուր եւ կոշտ քննադատության թիրախում, այն բանից հետո, երբ ստորագրել է Սահմանադրական դատարանի առնչությամբ հանրաքվեի որոշումը:

Արմեն Սարգսյանին կոշտ թիրախավորում են նաեւ այն ուժերը եւ խմբերը, որոնք այս կամ այն կերպ աջակցել են Հայաստանի չորրորդ նախագահի «արարողակարգային» պաշտոնում նրան ներկայացնելու Սերժ Սարգսյանի առաջարկին, իսկ շատերն էլ՝ պարզապես քվեարկել այդ առաջարկի օգտին:

Այդ ամենն արվում էր իհարկե իշխանության եւ բացարձակ մեծամասնության կարգավիճակի պահպանման հարատեւության ակնկալիքով: Մինչդեռ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Արմեն Սարգսյանը ոչ թե իշխանության հարատեւության, այլ իշխանության փոխանցման կամ հանձնման «մեխանիզմ» է, սուբյեկտ, որն էական դեր է ստանձնել այդ գործընթացի առավելագույնս սահուն ընթացքի հարցում:

Այդ հանգամանքը նրան չի «ներվում», թեեւ գործնականում այդ հանգամանքը չի ներվում իհարկե Սերժ Սարգսյանին: Պարզապես դժվար է Սերժ Սարգսյանին դարձնել քննադատության թիրախ, մեղադրել նրան որեւէ հարցում, առավել եւս իշխանությունը պահել չկարողանալու համար: Այդ անկարողությունը կուտակում է ահռելի ափսոսանք ու լիցքեր, որոնք ժամանակ առ ժամանակ պարպվում են Արմեն Սարգսյանի վրա՝ նրան ենթագիտակցական մակարդակում ասոցացնելով Սերժ Սարգսյանի հանդեպ ունեցած մտքերի եւ գնահատականների հետ:

Դա նաեւ թույլ է տալիս հետո առիթի կամ հնարավորության դեպքում որոշակի հոգեբանական հանգստությամբ շփվել Սերժ Սարգսյանի հետ, երբ լինեն այդպիսի առիթներ:

Մեծ հաշվով, միայն Ռոբերտ Քոչարյանն է իրեն թույլ տվել ուղիղ իմաստով կասկածել Սերժ Սարգսյանին, հարցազրույցներից մեկում խոսելով «կասկածելի պասիվ դիմադրության» մասին:

Մյուսները չեն կարող իրենց թույլ տալ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը: Միաժամանակ, իշխանության շրջանում էլ իհարկե չէին կարող թույլ տալ լսել Ռոբերտ Քոչարյանին, որն այն ժամանակ էլ փորձում էր իշխող համակարգին գրավել ավելի հուսալի լինելու լատենտ առաջարկներով: Բանն այն է, որ Քոչարյանն իր այդ առաջարկները չէր կառուցում ՀՀԿ բացարձակ մեծամասնության վրա, ըստ այդմ տեղի չէր ունենում գործարքը, եւ Սերժ Սարգսյանը մնում էր:

Եթե պատկերացնեին, որ դա այդքան էլ հուսալի չէ, ապա մինչեւ հանրային մերժումը Սերժ Սարգսյանը կարժանանար ներիշխանական մերժման: Առավել եւս, որ հոգու խորքում նա այդպիսի մերժման ռեժիմում է եղել գրեթե միշտ, պարզապես կարողացել է խաղալ ներիշխանական հակասությունների վրա, պահելով իր դիրքը մինչեւ 2018 թվականի ապրիլի 23:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments