Արմեն Սարգսյանը քննարկումներ կսկսի Սահմանադրության հարցով

- in Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը. այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բանն այն է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել և հայտնել. «Հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»: Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այդ ընթացակարգին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը կրկին հարցում ուղարկեց ՀՀ նախագահի անունով՝ խնդրելով պարզաբանել դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ: Եվ, ահա, ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնեցին. «Հանրապետության նախագահը չի բացառում իր կողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին և փորձագետներին դիմելը», – նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments