Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նույն զորամասում պաշտոնյաների որդիների ծառայելու մեջ

- in Հասարակություն

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ իրենց ծառայությունն անցկացնում են մեկ զորամասում: Դավթյանն այս մասին ասաց փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Auroranews.am»-ի կողմից հրապարակված «էլիտար» զորամասի մասին հոդվածին:

«Կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Զորամասում 1000 զինծառայող է ծառայում, երկու կամ երեք հոգի ինչ-որ մեկի հետ կապված են: Ցանկացած մեծ զորամասում, որտեղ 1000 զինծառայող է ծառայում, կգտնենք 2 հոգի, որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են ինչ-որ պաշտոնյայի հետ»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում:

«Այս պահի դրությամբ զորամասը մարտական հերթապահություն է կատարում»,- նշեց նա:

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ներկայացրեց, թե ինչ զինտեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ են աշխատում Հայաստանի Զինված ուժերը:

«Հիմնական ուղղվածությունը, որը կա զինված ուժերի կողմից՝ հակատանկային պայքարի ժամանակակից միջոցներն են, հետախուզության ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և անօդաչու թռչող սարքերն են: Այդ ուղղվածությամբ ենք հիմնականում աշխատում՝ առավել նոր որակական ցուցանիշներ գրանցելու համար», ասաց Դավթյանը:

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ներկայացրեց իր երեք որդիների զինապարտության կարգավիճակը:

Փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում Դավթյանը հայտնեց, որ ամռանն իր միջնեկ որդին կմեկնի ծառայության, իսկ փոքրը կվերադառնա ծառայությունից:

«Մեծ որդիս ավարտել է ծառայությունը: Փոքր որդիս ծառայում է, կես տարի հետո ավարտելու է ծառայությունը, ընդ որում՝ ծառայում է սահմանամերձ զորամասում: Միջնեկ որդիս եկող զորակոչին մեկնելու է ծառայության, միջնեկ որդիս վերադառնալու է ծառայությունից»,- ասաց Դավթյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments