Արտահերթ ընտրության հանգամանքը առավելապես քարոզչական նկատառումով հրապարակ բերվող է

- in Կարծիք
AJ

Տարակուսելի է, երբ ՍԴ դատարանակազմի հարցի հանգուցալուծման առիթով կազմակերպվող հանրաքվեի ընդդիմախոսները հայտարարում են, որ այն տապալվելու է: Ի վերջո ինչին, եթե ոչ հենց տապալմանը պետք է սպասեին նրանք:

Վերջին հաշվով, նաև հենց դա պետք է որ լիներ նրանց քաղաքական գործունեության նպատակը, հասնել նրան, որ հանրաքվեն ձախողվի: Սակայն այստեղ կա մի ուշագրավ հանգամանք, բավականին նուրբ մի շերտ, որը դուրս է առերևույթ սև կամ սպիտակ, հեղափոխական կամ հակահեղափոխական տրամաբանությունից: Եթե հանրաքվեն ձախողվի, ապա ստացվում է, որ հանրությունը անհամաձայնություն է հայտնել կառավարության հետ: Որքան էլ շատերը կամ հանրային մեծամասնությունը համոզված է, որ հանրաքվեն չի ձախողվելու, այդուհանդերձ, դիտարկենք տեսական այդ տարբերակը:

Եվ ուրեմն, եթե հանրաքվեն ձախողվի, եթե կառավարությունը չստանա անհրաժեշտ վստահություն, ապա դրանից պետք է բխի արդեն խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը: Հարց կամ պահանջ, որ նախկին իշխող համակարգը դնում է նոր իշխանության առաջ տևական ժամանակ, խոսում այդ մասին հարցազրույցներում: Եթե հանրաքվեն ձախողվում է և իշխանությունը որպես ստացված անվստահության տրամաբանական հաջորդ քայլ հայտարարում արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին, բնականաբար առաջանում է հարց՝ ինչով է նախկին իշխող համակարգը մասնակցելու այդ ընտրության, ինչով կամ ինչպես:

Խոսքը ձևաչափի մասին է՝ մե՞կ ցուցակով, մեկ թիմով, թե տարբեր ցուցակներով: Եթե տարբեր, ապա ով է գլխավորելու ցուցակը, ովքեր են լինելու անցողիկ տեղերում: Ի վերջո պարզ է, որ արտահերթ ընտրությանը ներկայիս կառավարող ուժն այդուհանդերձ ստանալու է մեծամասնություն՝ նույն արդյունքով կամ որոշակիորեն պակաս, բայց աներկբա ստանալու, մի շարք հանգամանքների պատճառով: Իսկ ահա մնացյալ տոկոսների համար լինելու է թեժ պայքար և նախկին իշխանությունը ներկայացնող որևէ ուժ կարող է առավելագույնը հավակնել հինգ տոկոսը հաղթահարելուն, էապես ոչ ավելի: Եվ ըստ այդմ, որքան էլ բարձրաձայնվում է արտահերթ ընտրության մասին, գործնականում նախկին իշխանությունը պատրաստ չէ դրան, որովհետև կանգնելով դրա իրողության առաջ ստիպված է լինելու բացել ներքին մի շարք խնդիրներ, ինչն այժմ բացարձակապես պետք չէ նրանցից որևէ մի թևի կամ խմբի:

Արտահերթ ընտրության հանգամանքը առավելապես քարոզչական նկատառումով հրապարակ բերվող է, դրանով քաղաքական անընդհատ անկայունության միջավայր ապահովելու ակնկալիքով: Այստեղ է թերևս պատճառը, որ հանրաքվեի ընդդիմախոսները տարակուսելի տոնայնությամբ են խոսում հանրաքվեի տապալման մասին, որովհետև հանրաքվեն գործնականում ստացվում է մի մեխանիզմ, որի որևէ արդյունքի դեպքում ակնառու է նախկին իշխող համակարգի ձախողումը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments