Արցախի ժողովուրդն ամենաբարձր մակարդակով կկառավարի ժողովրդավարությունը

- in Ընտրություններ
LGHH

Ուզում եմ ընդգծել, որ Արցախում միշտ էլ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում․ Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ երեկոյան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել՝ դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ ընդհանրապես Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՝ ուղղակի աբսուրդ է»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ համոզված է՝ Արցախի ժողովուրդն ամենաբարձր մակարդակով կկառավարի ժողովրդավարությունը, իսկ իշխանությունը՝ իր իշխանության իրավունքը: Ինչ վերաբերում է համակրություն վայելող թեկնածուներին՝ Փաշինյանն ասել է. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»:

Այսպիսով՝ վարչապետը մի քանի ուղերձ է հասցեագրել, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է յուրովի։

Արցախի ընտրությունները, առաջին հերթին, կարևոր են ԼՂՀ սուբյեկտությունն արժևորելու համատեքստում, այլ խոսքով՝ դրանք պետք է դիտարկել նաև պաշտոնական Երևանի ղարաբաղյան քաղաքականության շրջանակում։ Իհարկե, օրինական ընտրություններն ինքնաբերաբար չեն ենթադրելու, որ Արցախը վերադառնալու է բանակցային գործընթաց, ինչի համար պահանջվում են դիվանագիտական մեծ ջանքեր, սակայն ակնհայտ է, որ Արցախում օրինական ընտրությունների անցկացումն առնվազն լեգիտիմացնում է Փաշինյանի պահանջը, մանավանդ որ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ իրենց ներկայացուցիչներին գործուղելու են Արցախ՝ նրա ժողովրդավարության քննությանը տեղում ծանոթանալու նպատակով։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքում առկա էր ինքնավստահություն, ինչը ենթադրում է, որ Հայաստանի իշխանություններն Արցախում վերահսկում են իրավիճակը։ Իհարկե, Արցախում պետք է խթանել ժողովրդավարական գործընթացները, բայց վերջին օրերին Ստեփանակերտում տեղի են ունենում անհասկանալի իրադարձություններ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ոմանք լիբերալ մոտեցումները շփոթում են ամենաթողության հետ։ Երեկ Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ հեռացող նախագահ Բակո Սահակյանի, հրաժարականներ են պահանջել, ինչպես նաև իրենց բացասական մոտեցումն են արտահայտել նախագահական ընտրություններում թեկնածու Արայիկ Հարությունյանի առաջադրման վերաբերյալ: Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկել մեքենաներով բարձր ազդանշան տալու համար, այնուհետև ազատ արձակել: «Մենք պահանջում ենք, որպեսզի կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու Արայիկ Հարությունյանը հանի իր թեկնածությունը: Գործող ռեժիմը պաշտպանում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Նախորդներն ամեն ինչ անում են, որպեսզի ամեն կերպ մնան իշխանության՝ այս դեպքում սատարելով Հարությունյանին»,- այսօր հայաստանյան կայքերից մեկին ասել է Մհեր Պողոսյանը, որը նախորդ ամիս միացել էր հացադուլ իրականացնող Ալեքսանդր Քանանյանին՝ պահանջելով Արցախում դադարեցնել փոքր հէկերի կառուցումն ու շահագործումը:

Տարածված կարծիքի համաձայն՝ Քանանյանը ԱԳ նախարար, նախագահի մեկ այլ թեկնածու Մասիս Մայիլյանի թիմակիցն է։ Ստացվում է, որ Մայիլյան-Բաբայան տանդեմը փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունների հիմնական ֆավորիտ Արայիկ Հարությունյանի հնարավոր հաղթանակը։ Ավելորդ չէ նշել, որ Հարությունյանի նկատմամբ Երևանում առնվազն լոյալ վերաբերմունք կա, ինչն ավելի է մեծացնում նրա հաղթանակի հնարավորությունը։

Մինչ Փաշինյանն Արցախի ընտրություններում փորձում է ձևավորել «Կոնսենսուս՝ մինուս մեկ»՝ փաստացի բացառելով հայաստանյան նախկին համակարգի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանի հաղթանակը՝ Արցախում անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, որը սպառնում է խաթարել ընտրական գործընթացի բնականոնությունը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments