Արցախյան հարցում դիմադրունականության առանցքը ՀՀ երկրորդ նախագահը չէ, այլ՝ երրո՞րդը

- in Ով ով է ...
serzh-robert

Սերժ Սարգսյանն իսկապե՞ս հավատում է, որ իր հանդեպ քրեական հետապնդումը, դիզվառելիքի գործը պայմանավորված է ընդամենը Արցախի հարցում, այսպես ասած, հերոսների դիմադրունակությունը չեզոքացնելու այն դավադրապաշտ տեսությամբ, որ տարածում են նրա համակիրները, նրա թիմակիցները՝ եթե, իհարկե, Սարգսյանն ունի թիմակից:

Նրա թիմի հարցը բոլորովին այլ հարց է, քննարկման այլ թեմա: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն իսկապե՞ս հավատում է, որ իր հանդեպ իրականացվում է հետապնդում Արցախի հարցում դիմադրություն կոտրելու նպատակով: Այն հայտարարությունը, որ նա արեց դատարանի դիմաց՝ համակիրների առաջ խոսելով, թե Արցախը ոչ մի դեպքում չի լինի Ադրբեջանի կազմում, հիմք է տալիս խոսելու, որ հավատում է: Սակայն դա առերևույթ հիմք է, առերևույթ տպավորության համար: Գործնականում, Սերժ Սարգսյանը գուցե ամենևին չի դիմադրում համակիրների կամ իր պաշտպանական խմբերի տարածած «թեզին», և անգամ ինքն էլ դրա «գաղափարախոսն» է, հեղինակը, սակայն պատճառը այստեղ բոլորովին այլ է, քան հավատը իր իսկ հեղինակած մտքի նկատմամբ:

Պատճառը փնտրելու կամ հասկանալու համար արժե հիշել, թե ամիսներ առաջ դատարանում ինչ էր հայտարարում Ռոբերտ Քոչարյանը, երբ քննարկվում էր նրա խափանման միջոցի փոփոխության հարցը: Երկրորդ նախագահը հայտարարում էր, թե ինքը փախչող չէ և, եթե լիներ փախչող, ապա ադրբեջանցիները հիմա Ստեփանակերտում թեյ էին խմում: Եթե այդ հայտարարությունը դիտարկում ենք նաև Ռոբերտ Քոչարյանի՝ իր հանդեպ մեղադրանքի հենց սկզբից կիրառած «թեզին», որ հարվածում են Արցախի հերոսին՝ Արցախը թուլացնելու համար, և այդ ամենն էլ եթե ամբողջացնենք Սերժ Սարգսյանի հանդեպ նրա արտահայտած բավականին թափանցիկ կասկածներով, պատկերը կդառնա զգալիորեն պարզ: Զգալիորեն հստակ կամ թափանցիկ կդառնա, թե ինչու է Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց հերոսաբար հայտարարում Արցախի մասին, իր ճակատագիրը, իր հանդեպ քրեական հետապնդումը ստորադասում Արցախի հարցին և կոչ անում համախոհներին չկենտրոնանալ իր գործի վրա, գնալ տուն և մտածել երկրի անվտանգության մասին:

Երրորդ նախագահը չէր կարող երկրորդ նախագահի հայտարարության ֆոնին հայտարարել, թե՝ այդ ես եմ, որ թույլ չեմ տվել ադրբեջանցիներին թեյ խմել Ստեփանակերտում: Բայց այդ մասին չհայտարարելով ուղիղ, մի շարք էական պատճառների բերումով, Սերժ Սարգսյանը, այդուհանդերձ, դատարանի դիմաց գործնականում հայտարարում էր հենց դա, խոսում էր հենց այդ մասին, Ռոբերտ Քոչարյանին պատասխանելով, որ արցախյան հարցում դիմադրունականության առանցքը երկրորդ նախագահը չէ, այլ ինքը՝ երրորդը: Միևնույն ժամանակ, դրանով էլ Սերժ Սարգսյանը ակնարկում էր, որ միայն Քոչարյանին չէ, որ «հետապնդում» են Արցախի համար, այլ նաև իրեն: Այդ իմաստով, Սարգսյանը նաև «արդարանում» է նախկին իշխող համակարգի այն շրջանակների առաջ, որոնք հստակ Ռոբերտ Քոչարյանի կամ իր միջև կողմնորոշված չեն, սակայն քաղաքական հետագա զարգացումներում, խորհրդարանի հաջորդ ընտրությանը կարող են պետք լինել՝ առավել ևս բավականին սուղ ընտրազանգվածի պայմաններում:

Ընդհանուր առմամբ, գուցե հնչի փոքր-ինչ տարօրինակ, սակայն պետք է գործընթացի մեջ նկատել դրականն ու էֆեկտիվը Հայաստանի համար: Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ուղղակի կամ անուղղակի մրցակցեն Արցախի հարցում վաստակի համար, և թող դա էլ օգտագործեն նոր իշխանությանն ընդդիմախոսելու համար: Կարևորն այստեղ այն է, որ այդ գործընթացի «բովանդակությունը» կազմված է Հայաստանի համար անվտանգային կարևոր ասպեկտներով, և, կամա, թե ակամա, բայց նախկին համակարգը գոնե իշխանությունը թողնելուց հետո այդ առումով նշանակալի ծառայություն է մատուցում Հայաստանի շահին՝ թող որ այդ ծառայությունը լինի բոլորովին այլ նկատառումով կամ ակնկալիքով, և պայմանավորված լինի ընդամենը կորուսյալ իշխանության հանգամանքով պայմանավորված քինախնդրությամբ: Դա արդեն էական չէ, էականն այն է, որ Հայաստանին այդուհանդերձ կմնա դրական նստվածքը, եթե՝ անգամ անկախ նրանց կամքից:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործով դատավարության մեկնարկին Սերժ Սարգսյանը բարձրախոսով դիմեց դատարանի շուրջ հավաքված իր համակիրներին: Ինքնին տեսարանը, երբ Սերժ Սարգսյանն այդ մեխանիզմով դիմում է փողոցում հավաքված բազմությանը, արդեն իսկ իր մեջ կրում է էպիկականության հսկայական չափաբաժին: Սակայն առավել հետաքրքրաշարժն այն էր, որ Սերժ Սարգսյանը կոչ արեց իր համախոհներին չհավաքվել դատարանի մոտ, գնալ տուն, զբաղվել առօրյա գործերով, չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին: Նա միաժամանակ հայտարարեց, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և դա իր կյանքի նպատակն է եղել ու կա: Իհարկե, առնվազն զարմանալի է, որ կյանքի այդպիսի նպատակ ունեցող մարդը կարող էր իր կյանքի ընթացքում համաձայն լինել Կազանյան պլան ստորագրելուն, ինչպես ինքն է խոստովանել, սակայն մյուս կողմից, իհարկե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոսում Սերժ Սարգսյանի թողած ծանր ժառանգության մասին, այնպես էլ Սարգսյանն իրեն մնացած ժառանգության մասին կարող է խոսել և, իհարկե, հիմնավոր:

Ավելին, ի վերջո Փաշինյանն ունի իր ծանր ժառանգությունը չեզոքացնելու կարևորագույն ռեսուրս՝ ժողովրդական վստահություն ու լեգիտիմություն, իսկ Սերժ Սարգսյանը ոչ միայն դա չուներ, այլ փաստորեն նաև Ռոբերտ Քոչարյանի և իր արդեն համատեղ «ժառանգության»՝ Մարտի 1-ի ծանրագույն բեռը: Բայց այդ թեմաներն իհարկե շոշափել ենք բազմաթիվ անգամ, և դեռևս կլինեն առիթներ: Դատարանի դիմաց Սերժ Սարգսյանի կարճատև ելույթն իր մեջ պարունակում էր նաև բավականին հետաքրքիր մի նրբերանգ, որը, իհարկե, ինչ-որ տարաբնույթ թելերով այդուհանդերձ կապվում է հենց Ռոբերտ Քոչարյանի հետ, նրա թողած, արդեն ավելի լայն իմաստով, ժառանգության հետ: Հատկապես որ պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը չթողեց Սերժ Սարգսյանին՝ հանգիստ չթողեց, պարբերաբար փորձելով կասկածի տակ դնել նրա ներիշխանական լեգիտիմությունն անգամ:

Դիմակայության այդ տասնամյակը ներկայումս շարունակվում է նոր իրավիճակում, և Սերժ Սարգսյանի կոչը իր համախոհներին՝ տուն գնալ, զբաղվել առօրյա գործերով, չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին, բավականին նուրբ ակնարկ է թերևս Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ նախագահը ոչ միայն «մեծահոգաբար» տուն չի ուղարկել իր համախոհներին, այլ նրանց համար փորձել է ավելի կոմֆորտ պայմաններ ստեղծել փողոցում: Սերժ Սարգսյանը փաստորեն բաց չթողեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, այսպես ասած, «լայնախոհության» առավելություն դրսևորելու առիթը: Կլինի՞ նույնքան «նուրբ» պատասխան Ռոբերտ Քոչարյանից, որը, ի դեպ, հենց երեկ Սերժ Սարգսյանի խոսքերին գրեթե զուգահեռ, մեկ այլ դատարանում՝ մարտիմեկյան գործով, հայտարարել էր, որ այդ ժամանակ հասարակական կարգի պահպանության լիազորությունը նախագահինը չէր, այլ կառավարությանը: Կառավարության ղեկավարը Սերժ Սարգսյանն էր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments