Արքայական ուղերձ Երեւանից. հնարավոր չէ առանց հայերի

- in Հրապարակ

«Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի և պայծառ ապագայի ձևավորման համար», հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, որն առաջին այցը կատարելով Երեւան, Հայաստանի մայրաքաղաքից ուղերձ է հղել «կրոնն ու հանդուրժողությունը» թեմայով:

Հորդանանի թագավորի հայաստանյան առաջին պաշտոնական այցը պատմական է, եւ միաժամանակ արդիական, հաշվի առնելով միջազգային հարաբերությունների ներկայիս վիճակը եւ բնույթը: Գործնականում ներկայում ընթանում է «երրորդ համաշխարհային պատերազմը»՝ նոր աշխարհակարգի ձեւավորմամբ: Այդ պատերազմն իր բնույթով եւ դրսեւորմամբ նման չէ առաջին երկուսին, բայց ունի հենց դրանց բնորոշ ընդհանրությունը՝ աշխարհակարգի ձեւավորում:
Այդ գործընթացի եւ պատերազմի էպիկենտրոնը ներկայում Մերձավոր Արեւելքն է, որտեղ խտացված է համաշխարհային երրորդ պատերազմը եւ նոր աշխարհակարգի ձեւավորման «դիսկուրսը»:

Հորդանանի թագավորը Հայաստանում հայտարարում է կարեւորը, որ Հայաստանն աշխարհակարգի անբաժանելի արմատ է, ու չնայած գործնականում նախորդ երկու համաշխարհային պատերազմները ուղեկցվել են այդ արմատը կտրելու տարաբնույթ փորձով, այդ արմատն անտեսելն այդուհանդերձ հնարավոր չէ: Միաժամանակ, «Մենք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք», ասել է Աբդալլահ Երկրորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Հորդանանի թագավորը կարեւոր ուղերձ է հղել Հայաստանից՝ կրոնի եւ հանդուրժողության թեմայով, Հայաստան-Հորդանան հարաբերությունը դիտարկելով դրա օրինակելի վկայություն, ընդհուպ պատմական սերտաճմամբ, եւ  կարեւոր ուղերձ է հղել Հայաստանին՝ պատմական դերը ներկայում կապիտալիզանելու առաջնահերթության իմաստով:

Մի քանի օր անց Հայաստանի վարչապետը ելույթ կունենա Մյունխենում՝ միջազգային անվտանգության ամենամյա հեղինակավոր համաժողովում, որտեղ քննարկվում են համաշխարհային անվտանգության, ռազմա-քաղաքական իրադրության հարցերն ու հեռանկարները: Լավ հնարավորություն Երեւանից հնչած արքայական ուղերձի գեներացման համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments