Բախվել են Հայաստանի համար նշանակալի երեք պետություններ

- in Միջազգային
Erdoghan Putin

Մինչ Հայաստանում թափ է հավաքում ներհասարակական և ներքաղաքական կրքերի բորբոքումը սահմանադրական հանրաքվեի թեմայով, սիրիական Իդլիբում շարունակվում է արդեն մի քանի օր ընթացող թուրք-ռուսական ռազմական դիմակայությունն ու բախումը, որը հանգեցրել է երկկողմ զոհերի:

Կողմերը, իհարկե, չեն խոստովանում ուղղակի բախման հանգամանքը՝ հայտարարելով, որ փոխադարձաբար զոհեր են ունեցել ահաբեկիչների հարձակումների հետևանքով, սակայն կասկածից վեր է, որ թուրքական և ռուսական զինվորական զոհերը հենց թուրքական և ռուսական զինված ուժերի ներգրավվածության հետևանք են, եթե անգամ հաճախ այդ ներգրավվածությունն ունի անուղղակի կամ միջնորդավորված բնույթ՝ սիրիական բանակի կամ ընդդիմության ջոկատների տեսքով: Ինչպես կընթանա ռուս-թուրքական բախման շարունակությունը՝ այն կուժգնանա՞, թե՞ կլինի նոր պայմանավորվածություն: Համենայնդեպս, ծրագրվում է հարցի քննարկում՝ ընդհուպ Պուտին-Էրդողան մակարդակում: Իսկ առայժմ, Իդլիբում զարգացումները բավականին թեժ են, եթե դրան ավելացնենք և այն, որ Սիրիայի բանակը, Սիրիայի նախագահը գործում են ոչ միայն ռուսական, նաև իրանյան հովանավորության կամ աջակցության պայմաններում:

Այլ կերպ ասած, Իդլիբում բռնկվել է այսպես կոչված՝ Աստանայի ձևաչափը՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Ընդ որում հատկանշական է, որ դա տեղի է ունենում ռեգիոնում Միացյալ Նահանգների կոշտ գործողությունից հետո, որ տեղի ունեցավ Բաղդադի օդանավակայանի ճանապարհին, հունվարի 3-ին, երբ սպանվեց գեներալ Սոլեյմանին՝ Իրանի առանցքային գործիչներից մեկը: Դրա հետևանքով հիմնովին նոր իրավիճակը, անշուշտ, իր ազդեցությունն էր թողնելու ոչ միայն ռեգիոնի, այլ նաև դրանով զբաղվելու համար ստեղծված ձևաչափերի, մասնավորապես Աստանայի ձևաչափի վրա: Հատկանշական է, որ Սոլեյմանիի սպանությունից հետո Պուտինը թաքուն այց կատարեց Սիրիա, հետո հանդիպեց Էրդողանի հետ: Փաստորեն, Իդլիբում թեժ հարաբերություններ են պարզում Հայաստանի համար երեք առանցքային պետություններ՝ անմիջական երկու հարևան, որից մեկը բարեկամ՝ Իրանը, և մյուսը փաստացի հակառակորդ՝ Հայաստանը շրջափակման ենթարկող Թուրքիան, և Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը:

Ակնառու է, որ այն, ինչ կատարվում է Իդլիբում, ըստ էության շոշափում է կարևոր շահեր Հայաստանի համար: Այդ հանգամանքը Երևանից պահանջում է չափազանց աչալրջություն ու զգոնություն: Դրա ֆոնին հատկանշական է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մյունխենի անվտանգության համաժողով, Գերմանիա, որը մեկնարկում է փետրվարի 13-ին, երբ Փաշինյանը Մյունխենից առաջ Բեռլինում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Դրան զուգահեռ, Վիեննայում Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը անցկացրել է նաև մեծ հանդիպում արտերկրում և միջազգային կառույցներում Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, դեսպանների հետ, քննարկելով արտաքին քաղաքականության հրատապ հարցեր:

Այդ ընթացքում էլ Երևանում հյուրընկալել են մերձավորարևելյան ռեգիոնի առանցքային գործիչներից մեկին՝ Հաշիմինյան թագավորական տոհմի ժառանգ, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին, որն առաջին պաշտոնական այցով Հայաստանում է և հանդիպել է Հայաստանի նախագահին ու վարչապետին, խոսելով երկկողմ հարաբերությունների կարևորության և մերձավորարևելյան ռեգիոնում հայկական ներկայության պատմական անբաժանելիության մասին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments