Putin Aliev

Երեկ Բաքվում կոշտ ձեւով ցրել են ընդդիմության հանրահավաքը: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ չնայած թեկնածուների անձեռնմխելիությանը, նրանցից շատերին ծեծել են, տարել ոստիկանություն, իսկ ուշ երեկոյան ավտոբուսով տարել Բաքվի ծայրամաս ու բաց թողել:

Բաքվի քաղաքապետարանն արգելել է ընդդիմության փետրվարի 16-ի հանրահավաքը:

Խեղճ ադրբեջանցի լրագրողներն արդեն չգիտեն, թե ինչպես դրական լույսի ներքո ներկայացնեն անցած ընտրությունները: Միակ դրականը, որը փչվում է, Ղարաբաղից փախստականների մասնակցությունն է: Ճիշտ է, դա առաջին անգամ չի տեղի ունենում, բայց ադրբեջանցի լրագրողներն ասում են, որ առաջին անգամ այդ գործոնը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով: Դա ներկայացնում են որպես իրենց կառավարության մեծագույն ձեռքբերում:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են բազմաթիվ խախտումների, այդ թվում՝ լցոնումների արդյունքում:

Ադրբեջանցի ընդդիմադիրները խոստանում են չհանձնվել: Ճիշտ է, նրանցից շատերին նախապես չեզոքացրել էին՝ «թույլ տալով» աշխատել, իսկ հետո «մերկացնելով» արատավոր սխեմաները: Հիշեցնենք, որ որոշ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ իրենց հայրենակիցներին քաղաքական հետապնդումների մասին տեղեկանքներ էին վաճառում, որոնք հետո քաղաքական ապաստան էին հայցում Եվրոպայում: Ադրբեջանի իշխանություններն այնուհետեւ «բացահայտել են» արատավոր ցանցը:

Բայց Ադրբեջանում քիչ չեն նաեւ նրանք, որոնք անկեղծորեն ցանկանում են իրավական ու ժողովրդավարական պետություն կառուցել: Ադրբեջանում կկարողանա՞ն հեղափոխություն անել, թե՞ Ալիեւին այս անգամ էլ կհաջողվի հաղթել:

Միջազգային դիտորդները հայտարարել են ձայների հաշվարկի ընթացակարգի մասշտաբային խախտումների մասին, որը, նրանց խոսքով, կասկածներ է առաջացնում ընտրությունների արդյունքների ազնվության նկատմամբ:

«Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության ու լուրջ ընթացակարգային խատումների պայմաններում: Դրանց թվում են քվեների լցոնումը, խմբակային քվեարկությունը եւ ձայների հաշվարկի էական թերությունները», – Թվիթերի իր էջում Ադրբեջանի ընտրությունների մասին գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, սակայն, միջազգային դիտորդների առաքելության քննադատությունն Ադրբեջանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ անվանել է կանխակալ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունում նշված է, որ ԱՊՀ, ՇՀԿ դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան, քաղաքացիների ընտրական իրավունքների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել: «Ափսոսանքով նշում ենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ու Եվրոպայի խորհրդի դիտորդները կանխակալ ու սուբյեկտիվ գնահատականներ են հնչեցրել, որոնք չեն համապատասխանում իրական պատկերին»:

Էրդողանն ու Պուտինն արդեն շնորհավորել են Ալիեւին հաղթանակի առթիվ: