«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «Կանյաչնիում» տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ: Մասնավորապես, ԲՀԿ-ականներով հավաքվելու են եւ քննարկելու հարցը, թե ինչ դիրքորոշում հայտնեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասով:

Ըստ մեր տեղեկությունների՝ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գ. Ծառուկյանին համոզել են, որ իրենք «ԱՅՈ»-ի շտաբից չեն կարող լինել, քանի որ վերջին ժամանակահատվածում շատ լուրջ քննադատության են ենթարկել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ հանրաքվեի հետ կապված, ուստի «ԱՅՈ» ասելով՝ իրենք իրենց սկզբունքներից կհեռանան: Հիմնականում ԲՀԿ-ականները հակված են «ՈՉ» ասել հանրաքվեին, բայց մի հատվածն էլ կարծում է, որ այդպես կարող են հանրության զայրութը շարժել, դա է պատճառը, որ Ծառուկյանն իր թիմակիցներին հրավիրել է հանդիպման՝ որոշում կայացնելու. գուցե նրանք էլ գնան երրորդ` չեզոք մնալու տարբերակով:

Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտել: Ըստ մեր տեղեկությունների՝ Ք. Պողոսյանը Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել: Մենք փորձեցինք պատգամավորից պարզել` արդյոք ինքն է միջնորդը` իշխանությունների եւ ԲՀԿ-ի միջեւ հանրաքվեի հարցով, սակայն իմքայլականը հայտարարեց. «Լրիվ այլ հարց էր, գործընկերային հարց էի ես քննարկում պարոն Ծառուկյանի հետ, ուրիշ ոչ մի բան»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են․ այս անգամ պատրաստվում է բախտը փորձել ԲՀԿ-ն: Տեղեկացանք, որ բանակցում են Մակիչ Խչեյանի հետ՝ միջազգայինների հետ համագործակցած ֆինանսիստի:

Հիշեցնենք, որ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է անցած տարեվերջին, բայց այդ տեղը չի համալրվում: Դեռեւս անցած տարի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր իմքայլականների կողմից ներկայացված Սամվել Եղիազարյանի թեկնածությունը: Իսկ մինչ այդ մերժվել էր «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած Կարեն Սարգսյանի թեկնածությունը»: