Naira Zohrabyan

Այսօր ամբողջ օրը կարծես այլ հետաքրքիր թեմա չկար, սպասում էինք Բարգավաճ Հայաստան կուսակցության որոշմանը, թե ինչպե՞ս են դրսևորելու իրենց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում:

Ի վերջո, Կանյաչնիում նիստից հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իբր իրենք կողմնակից են հանրության համար կարևոր հարցերը հանրաքվեների դնելուն, բայց քանի որ ապրիլի 5-ին սպասվելիք հանրաքվեն դուրս է եկել իրավական գործընթացից, ուստի իրենք չեն մասնակցելու այդ հանրաքվեին: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, սահմանադրական հանրաքվեի հարցը մտել է սևի և սպիտակի դաշտ, մինչդեռ այդ մասին հայտարարող անգամ չի եղել, ուստի՝ թերևս ԲՀԿ-ն վերահաստատում է իր քամելիոն լինելու կարևորությունը և ըստ նպատակահարմարության ու շահերի կողմնորոշվելու հատկությունը:

ԲՀԿ-ն, ըստ էության, նոր բան չի էլ ասում, այն ուղղակի վերգտավ իր տեղը, որ կորցրել էր կամ՝ մոլորվել հեղափոխական փողոցներում ու հայտնվել խորհրդարանում:

Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին մասնակցության վերաբերյալ.

Այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որի մեկնարկին  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին խնդրել է ներկայացնել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին կուսակցության մասնակցության վերաբերյալ դիրքորոշումները: Կուսակցության քաղաքական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մոտեցումները, որից հետո ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև հարցի վերաբերյալ  իր քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի կուսակցությունը կողմ է հանրաքվեի միջոցով ուղիղ ժողովդավարության իրականացման գաղափարին, սակայն որևէ  դեպքում չի կարող մասնակից լինել  օրինականության տեսանկյունից վիճելի գործընթացներին:
Ակնհայտ է, որ այս  գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է  բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ Բարգավաճ Հայաստան կուսակցության համար մեր հասարակության մեջ  ջրբաժաններ և բարիկադներ  ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է  եղել: Ժամանակն է վերջապես փակել հնի և նորի անպտուղ առճակատման էջը և մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի և ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու բարգավաճ ապագա ստեղծելու գործին և  Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու այդ ամենը կյանքի կոչելու համար:

Կուսակցության քաղաքական խորհրդի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: 

Spread the love