Բոլորը հետ քաշվեցին. հանրաքվեն գնաց

- in Ընտրություններ
Elections 2017

Ոչ մի քաղաքական ուժ չստանձնեց սահմանադրական դատարանի դատավորների կազմին առնչվող հանրաքվեի դեմ արշավի պատասխանատվություն, թեեւ հանրաքվեն գրեթե բոլորը որակեցին իբրեւ խիստ վտանգավոր, անգամ կործանարար, հակասահմանադրական իրողություն:

Ձեւավորվում է Ոչ-ի կարծես թե միայն մասնագիտական-իրավապաշտպանական ճակատ, ինչն անշուշտ ավելի ընդգծում է քաղաքական ճամբարի բացակայությունը, քան լրացնում այն:

Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ հայտարարվում է կործանարար իրողության մասին, բայց տեղի չի ունենում դրա դիմադրության կազմակերպում, համենայն դեպս հրապարակային: Քաղաքական ուժերը պատրաստվում են «պարտիզանակա՞ն» պայքարի, ինչպես օրինակ մի քանի տարի առաջ ոչիշխանական կոչված բեւեռն էր պատրաստվում եւ նույնիսկ հայտարարում: Այդ բեւեռի այդօրինակ պայքարի արդյունքը Հայաստանի ԵՏՄ բռնակցումն էր եւ ապրիլյան քառօրյայի հասունացումը, որից մոտ մեկ տարի առաջ էլ բեւեռը ցրվեց խայտառակ կերպով: Մոսկվան տվեց այդ իրավունքը Սերժ Սարգսյանին, անուղղակի հայտարարելով, որ կլոունադայով են զբաղված նրանք, ովքեր մտածում են Հայաստանում իշխանության գալ Կրեմլի աջակցությամբ:

Իրավունքը տրվեց, որովհետեւ այլեւս պարզ էր, որ Հայաստանի դեմ ռազմա-քաղաքական ագրեսիայի թափանիվը արդեն հավաքել է այնպիսի արագություն, որ այլեւս չէր կանգնելու:

«Պարտիզանական» պայքարը Հայաստանում ունի այդօրինակ վտանգավոր նախադեպ: Միաժամանակ, եթե կա դրա նախադեպը, ապա թերեւս նշանակում է, որ կա նաեւ կանխարգելիչ մեխանիզմի պատկերացումը՝ պատմության դասի տրամաբանությամբ:

Ըստ ամենայնի, նաեւ հենց այդ տրամաբանությամբ է ընտրվել ՍԴ դատարանակազմի հանգուցալուծման ձեւը՝ համաժողովրդական հանրաքվեն: Այդ իմաստով, դատարանակազմի հարցը թերեւս այդ կարեւոր գործիքին դիմելու առիթ է՝ առավել լայն քաղաքական անհրաժեշտություններով պայմանավորված իրավիճակը կառավարելու նպատակադրումով:

Համաժողովրդական հանրաքվեն գործնականում քայլ է, որը պայթեցնում է Հայաստանում որեւէ ներքին կամ արտաքին շարժառիթով եւ խթանմամբ հնարավոր «քաղաքական պարտիզանության» տրամաբանություն, ընդ որում անկախ դրա արդյունքից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments