Գագիկ Ծառուկյանի ֆունկցիոնալության խորքային խնդիրը

- in Պնակալեզներ
Gagik Carukyan

Ես դեմ եմ քվեարկելու հանրաքվեին, եթե անգամ ԲՀԿ-ն լինի կողմ, հայտարարել է այդ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ Սահմանադրության հանրաքվե անցկացնելու մեծամասնության որոշումը հակասահմանադրական, հակաօրինական է:

Գևորգ Պետրոսյանի դիրքորոշումը խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թե՛ ներսում առկա որոշակի հարաբերական իրավիճակի մասին, թե՛ նաև այն հարաբերականության մասին, որում հայտնվել է այդ քաղաքական ուժը ստեղծված իրավիճակում:

«Բարգավաճ Հայաստանը» չէր մասնակցել խորհրդարանում հարցի քվեարկությանը՝ ի տարբերություն դեմ քվեարկած ԼՀԿ-ի: ԲՀԿ այդ դիրքորոշումը, անշուշտ, շփոթմունքի դրսևորում է: Կուսակցությունը, անկասկած, լավ պատկերացնում է, որ գործընթացը էապես սահմանափակում ու սեղմում է այն ուժերին, որոնք գտնվում են նոր և հին իշխանությունների միջև: Սակայն այդ հանգամանքը ԲՀԿ պարագայում ունի երկակի իմաստ կամ երկշերտ նշանակություն՝ այն առումով, որ կուսակցությունը, միևնույն ժամանակ, նաև զգալի թելերով է կապված նախկին իշխող համակարգին, որքան էլ փորձում է տարանջատվել այդ համակարգից: Իսկ այդ թելերը վճռորոշ պահերին թողել և թողնում են ազդեցություն «Բարգավաճ Հայաստանի» վարքագծի վրա, այդ թվում՝ բերելով ներքին միատարրության առնվազն ցնցումների: Դրա դրսևորումները եղել են թե՛ նախկին իշխանության, թե՛ հետհեղափոխական շրջանում:

Հիշարժան էր 2017 թվականի ապրիլի խորհրդարանի ընտրությունից հետո մանդատների բաշխման աղմկոտ պատմությունը, երբ հասունանում էր գրեթե «ներկուսակցական ապստամբություն», հիշենք 2018-ին Երևանի քաղաքապետի թեկնածու ընտրելու իրավիճակը, երբ հենց նույն Գևորգ Պետրոսյանն էր ընդվզել Նաիրա Զոհրաբյանի թեկնածության դեմ: Եվ ամենատպավորիչը՝ 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադրությունը, երբ ԲՀԿ-ն հայտնվել էր ՀՀԿ հետ նույն ուղեծրում, իսկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետո արդարացավ, որ իրեն սխալ են զեկուցել քննարկվող հարցի բնույթը: Արդեն, իհարկե, ուշ էր: Այդ իմաստով, սահմանադրական հանրաքվեն ԲՀԿ համար ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքական փորձություն է, ինչի կամա, թե ակամա ակնարկն անում է Գևորգ Պետրոսյանը: Եվ այդ ամենով հանդերձ, իրավիճակն առավել ինտրիգային է դարձնում այն, որ ԲՀԿ-ն խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժն է և այդ տեսանկյունից, ստեղծված իրավիճակում երկրորդ ուժի կրավորական դիրքորոշումը դառնում է քաղաքական ֆունկցիոնալության հարցում լրջագույն խնդիրների ևս մի վկայություն, այն էլ Սահմանադրության հանրաքվեով լիովին նոր իրավիճակ թևակոխող ներքին տնտեսա-քաղաքական կյանքի պայմաններում, երբ իշխանությունը խոշոր հաշվով ազդարարում է տնտեսա-քաղաքական համակարգային ռեֆորմների ավելի կոշտ փուլի մասին: Իսկ այդ հանգամանքը էապես շոշափում է բիզնեսի և քաղաքականության հարաբերության, ասել է թե՝ քաղաքականության մեջ խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ֆունկցիոնալության խորքային խնդիրը:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments