Գևորգ Կոստանյանը դիմում է պարզունակ քարոզչական քայլի, այլ կերպ ասած՝ բլեֆի

- in Պնակալեզներ
Kostanyan Gevorg

«Հայտարարում եմ, որ ցանկության և համապատասխան մասնագիտական կարողությունների առկայության պայմաններում այս շրջանում շատ բան կարելի էր անել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման համար, որը, ցավոք, չի արվում», նախօրեին Մարտի 1-ի գործի առնչությամբ հայտարարություն է տարածել այդ գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանը՝ նախկին գլխավոր դատախազը:

Կոստանյանն այժմ ՌԴ-ում է և այնտեղից հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ու պատասխանել քննության բոլոր հարցերին՝ պայմանով, որ հարցերը հնչեն հրապարակավ և ոչ միայն քննիչների, այլև վարչապետի ու եվրոպական դեսպանների ներկայությամբ: Արտառոց պայման է, ինչ առնչությամբ արդեն առիթ ունեցել եմ խոսելու: Այս պարագայում, սակայն, խոսակցության առարկան այլ է՝ սպանությունների բացահայտման մասին Կոստանյանի հայտարարությունը:

Մասնագիտական համապատասխան կարողությունների առկայության պայմաններում 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ «շատ բան անելու» մասին է խոսում մարդ, որը շատ տարիներ եղել է Հայաստանի գլխավոր դատախազ և կարող էր ի պաշտոնե «շատ բան անել» իր ներկայիս խոսքերն այն ժամանակ կյանքի կոչելու ուղղությամբ: Բայց միևնույն ժամանակ հատկանշական է, որ Կոստանյանը խոսում է «այս շրջանում» շատ բան անելու հնարավորության մասին: Ինչ է նշանակում այս շրջանում: Արդյո՞ք նախկին գլխավոր դատախազ Կոստանյանն ակնարկում է նոր քաղաքական իրավիճակի և նոր իշխանության մասին, որը չի դնի բացահայտման գործընթացի սահմանափակում: Որովհետև, անկասկած է իհարկե, որ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում ունենալու որևէ բան անելու դե յուրե հնարավորություն, դե ֆակտո անկարող էր անել՝ հաշվի առնելով «այն շրջանի» քաղաքական ու իշխանական իրողությունները: Նշանակո՞ւմ է դա, որ Գևորգ Կոստանյանն արդեն այս շրջանում հայտնում է իր պատրաստակամությունը սպանության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ կոնկրետ աջակցության հարցում, եթե իշխանությունը կայացնի դրա դիմաց Գևորգ Կոստանյանին ներկայացվող մեղադրանքից հրաժարվելու քաղաքական որոշում:

Համենայնդեպս, ի՞նչն է, որ Գևորգ Կոստանյանին տալիս է այդօրինակ հայտարարության հիմք՝ մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ շատ բան անելու կապակցությամբ: Թե՞ նա դիմում է պարզունակ քարոզչական քայլի, այլ կերպ ասած՝ բլեֆի: Միևնույն ժամանակ անկասկած է, որ մարտիմեկյան գործի մեխը 10 սպանություններն են, որովհետև դրանք են, որ այդ ողբերգական իրադարձությունը բերել են մի կետի, որտեղ գործնականում էապես արգելակված է Հայաստանի հետագա հասարակական-քաղաքական կյանքի հեռանկարի մի ահռելի բաժին՝ որոշակի փակուղայնությամբ և համընդհանուր կասկածի մի մեծ օջախով: Այդ իմաստով, Մարտի 1-ի բացահայտվածության մասին խոսել հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հստակ և աներկբա պարզ կլինեն 10 զոհերի մահվան հանգամանքները: Որքան էլ շատ հարցերի պատասխանների միջով է ընկած այդ հանգամանքները պարզելու ճանապարհը, միևնույն է, այդուհանդերձ, միայն սպանությունների բացահայտումն է, որ կօգնի փակել բոլոր հարցերը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments