Kostanyan Gevorg

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությունը՝ Երևան վերադառնալու և մարտիմեկյան գործի վերաբերյալ հարցաքննվելու պատրաստակամության և դրա պայմանների մասին, քիչ հավանական է, որ պարզապես «կառուցողական առաջարկի» փորձ էր Հատուկ քննչական ծառայությանը:

Այն, որ Գևորգ Կոստանյանը առաջարկում էր քաղաքական գործարք, նկատելի էր անգամ անզեն աչքով: Նրան առայժմ պատասխանել է Հատուկ քննչական ծառայությունը՝ ասելով, որ չի կարող լինել այլ ընթացակարգ, քան օրենքով նախատեսվածը: Նշանակո՞ւմ է դա, որ պատասխանը սպառված է և չի լինելու ավելին, թե՞ այդուհանդերձ Գևորգ Կոստանյանի հայտարարությունն ու առաջարկը Հայաստանի կառավարող քաղաքական մեծամասնությունը կարող է արժանացնել այլ ուշադրության:

Համենայնդեպս, այն, որ Կոստանյանի հայտարարությունը ունի բավականին նուրբ տողատակեր ու շերտեր, ակնառու է անզեն աչքով: Եվ այդ առումով, եթե իշխանությունը այն չի արժանացնում ակնկալված ուշադրության, առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ո՞ւմ ուշադրությանն է արժանանալու հայտարարությունը, կամ՝ ի՞նչ է լինելու հայտարարության մոտիվ դարձած իրողությունների հետ, դրանց հետագա զարգացումը ինչպիսի՞ն է լինելու, եթե չկա որևէ այլ ուշադրություն կամ արձագանք:

Այն, որ նախկին գլխավոր դատախազին համընդհանուր կերպով հիշեցնում են նրա անցյալն ու գործը բացահայտելու գործուն հնարավորություն ունենալը, դա իհարկե պարզ է, կամ դա ամենապարզն է, որ կարելի էր անել, հնարավոր է անել: Սակայն նույնքան պարզ է նաև այդ հիշեցումների պատասխանը՝ Կոստանյանն ո՞վ էր դե ֆակտո, որպեսզի կարողանար դե յուրե լծակները ծառայեցնել մարտիմեկյան բացահայտմանը: Հարցն այստեղ փակ է:

Բաց է հարցը, թե Գևորգ Կոստանյանն ով է և ուր է հիմա՝ այդ բառի ոչ ֆիզիկական իմաստով: Ըստ այդմ՝ հնարավոր կլինի գնահատել նրա հայտարարության խորքային մոտիվն ու ազդեցությունը հետագա զարգացումների վրա: Ի վերջո՝ հարկ է արձանագրել, որ թեև անիրատեսական թվացող ձևաչափով, սակայն այդուհանդերձ Գևորգ Կոստանյանն առաջինն է, որ հայտնում է հարցաքննվելու պատրաստակամություն՝ դրան տալով քաղաքական և նույնիսկ արտաքին քաղաքական շրջանակ, խոսելով Եվրամիության դեսպանների ու եվրոպական կառույցների ներգրավման մասին: Ի դեպ, հետաքրքիր է, ի՞նչ ուշադրության են արժանացրել հայտարարությունը նրանք:
Spread the love