Դավիթ Տոնոյանը կտրուկ քայլերի է գնալու

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման:

Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Փաշինյանն իր մոտ ներկա պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց կողմից թույլ տված բացթողումների մասով նկատողություններ է արել: Բոլորը, գլուխները կախ, լսել են: Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը մեկ առ մեկ՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, եւ ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից: Բացի այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ հայտնի դարձան փետրվարի 14-ին ճակատի շրջանում կրակոցի հետեւանքով մահացած սպա Հայկ Ասրյանի դեպքից: Պարզվում է` նա մինչեւ դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենքը տան նրան ու դիրք բարձրացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց դեպքի հանգամանքներից, վերջինս պատասխանեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments