ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել է, թե ինչու ԲՀԿ-ն չի դիմի ՍԴ սահմանադրական հանրաքվեի սահմանադրականության հարցի համար: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ փաստորեն այդ դեպքում դատավորներն իրենք իրենց պաշտոնավարման հարցը պետք է քննարկեն, իսկ այդպես լինել չի կարող:

Գործնականում, սակայն, շատ ավելի պարզ է, թե ինչու ԲՀԿ-ն չի դիմում Սահմանադրական դատարան: Դրանից հետո «Բարգավաճ Հայաստանը» հազիվ թե որևէ մեկին համոզեր, որ դա արել է այսպես ասած՝ սկզբունքային համոզմունքներից ելնելով, ոչ թե նախկին իշխող համակարգի հետ կապերից:

Դիմելով ՍԴ՝ ԲՀԿ-ն փաստորեն իր վրա էր վերցնելու գլխավոր հարվածը, այն դեպքում, երբ բացարձակապես պարզ չէ, թե ինչ էր ստանալու դրա դիմաց: Կամ, ավելի շուտ պարզ է, որ ստանալու էր ոչինչ: Այդ պատճառով էլ ԲՀԿ-ն հրաժարվում է Սահմանադրական դատարան դիմելուց, ու անկախ շարժառիթից, պետք է արձանագրել, որ այդ քայլը լինելով ռացիոնալ կուսակցության տեսանկյունից, բխում է նաև հանրային շահից ու քաղաքական հեռանկարի տրամաբանությունից: Որովհետև հանրաքվեն պետք է լինի: Լավ կլիներ, որ բանը չհասներ այդպիսի անհրաժեշտության, և հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական կյանքի արդիականացումը շարունակվեր շատ ավելի արդյունավետ ճանապարհով, բացառելով հանրային անմիջական միջամտության անհրաժեշտությունը: Բայց կա նաև իրողությունների ու հանգամանքների օբյեկտիվ մի համախումբ, որը հաշվի առնելով էլ պետք է արձանագրել, որ հանրաքվեն դարձել է կարևոր անհրաժեշտություն՝ մի շարք առումներով:

Ըստ այդդ՝ ներկայումս ավելի լավ է, որ հանրաքվեն կայանա, և դրա միջոցով հանրությունը մի կողմից ստանա մի շարք հարցերի պատասխաններ, մյուս կողմից էլ՝ ինքը պատասխանի առաջացած մի շարք հարցերի: Դրանց թվում է, անշուշտ, նաև խորհրդարանի հարցը, թե ներկայիս պատկերը որքանով է արտացոլում իրական քաղաքական հարաբերակցությունը:

Ընդ որում, այստեղ կա երկու հանգամանք՝ մեկը մեծամասնության, մյուսը՝ ընդդիմադիր ուժերի առումով: Եթե իշխանությունը ստանա «ԱՅՈ»-ի տպավորիչ հաստատում, ապա ակնառու կլինի, որ մեծամասնության առումով խորհրդարանը արտացոլում է առկա իրողությունները: Բայց արդեն իսկ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերի տեսանկյունից խորհրդարանը այդքան էլ չի համապատասխանում իրական քաղաքական պատկերին: Համենայնդեպս, արդեն իսկ ակնառու է մի բան, որ այդ ուժերը դուրս են քաղաքական ընթացիկ զարգացումների տրամաբանությունից, նրանք չեն գտնում իրենց տեղը դրանցում, կամ այն տեղը, որ զբաղեցնում են, թույլ չի տալիս լինել առանցքային խաղացող: Դա ամենևին նորություն չէ, պարզապես ակնառու դրսևորվում է ներքաղաքական կյանքի աշխույժ ցիկլերում, երբ օրակարգում վճռորոշ հարցեր են:

Spread the love