Դղյակաշեն տարածքը՝ Մոնումենտի անտառի տարածքում, ինքն է վերածվել ընչաքաղցության ու նաև յուրօրինակ անճաշակության մոնումենտի

- in Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 20-ի նիստում անդրադարձել է Մոնումենտում կառուցված դղյակների օրինականության հարցին՝ ասելով, թե դրանց տերերը կառուցելով այդ շինություններն ապօրինի, հետո իրենք էլ օրենք են ընդունել, որ այդ անօրինական կառույցները քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա արհամարհանք է հանրային կարծիքի հանդեպ, և հանձնարարել է արդարադատության նախարարին ուսումնասիրել հարցն ու հարկ եղած դեպքում անցումային արդարադատության գործիքի կիրառման հնարավորությունը:

Որքան հնարավոր է հասկանալ կառավարության նիստում ծավալված քննարկումից՝ վարչապետը բարձրացնում է Մոնումենտի դղյակները հանրությանը վերադարձնելու հարց: Վերադարձնելու այն իմաստով, որ այնտեղ այգի էր, կանաչապատ մեծ տարածք, որը, սակայն, վերածվեց դղյակապատ տարածքի: Այնտեղ իրենց դղյակներն ունեն նախկին բարձրաստիճան տարաբնույթ պաշտոնյաներ, պատգամավորներ, նրանց հարազատներ ու բարեկամներ: Դղյակապատ նախկին հանրային տարածքի տխուր խորհրդանիշն էլ թերևս ԱԺ պատկերով ու նմանությամբ առանձնատունն է, որը պատկանում է նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, հենց Աբրահամյանն է դիմել դատարան՝ քաղաքապետարանին իր կառույցը օրինականացնելու պահանջով: Վճռակա՞ն է կառավարությունը հանրային տարածքը վերականգնելու հարցում:

Պետք է արձանագրել, որ խնդիրը բավականին նուրբ ու խրթին է, քանի որ այնտեղ կան նաև արդեն օրինականացված տարածքներ, և կա առնչություն սեփականության խնդրի հետ, որը անշուշտ հիմնարար խնդիր է ցանկացած հասարակության համար: Մյուս կողմից, սակայն, սեփականության լեգիտիմության հարցը կարող է հիմնարար լուծում ստանալ միայն հանրային շահի հետ ողջախոհ կոնսենսուսի պայմաններում և ոչ, այսպես ասած, սեփական «ապօրինածին օրինականությունը» հանրությանը պարտադրելու: Այլապես հանրությունն էլ բնականաբար ձեռքը տանում է պարտադրանքի սեփական գործիքակազմին:

Որքանո՞վ է կառավարությունը լինելու բարձրացված հարցում վճռական ու հետևողական: Հարցի շոշափումը սահմանադրական հանրաքվեի համատեքստում քարոզչական նշանակությո՞ւն ունի, հատկապես հենց անցումային արդարադատության համատեքստում, որում է նաև ներկայացվում ՍԴ խնդիրը, թե՞ հանրաքվեի գործընթացի մեկնարկի հետ ժամանակագրական կապը զուգադիպություն է, և կառավարությունը պատրաստ է բարձրացված հարցում գնալ մինչև վերջ:

Խնդիրը ոչ միայն իրավաքաղաքական է, այլ նաև արժեքային, խորհրդանշական: Դղյակաշեն տարածքը՝ Մոնումենտի անտառի տարածքում, ինքն է վերածվել ընչաքաղցության ու նաև յուրօրինակ անճաշակության մի մոնումենտի: Միաժամանակ այդ ամենն էլ խորհրդանշում է հանրության վրա կապիտալի գերիշխանություն: Այդ տիրույթում է նաև, որ հարցը պահանջում է լուծում, որն առնվազն կբալանսավորի սեփականատերերի և հանրային շահը, եթե չասենք, որ հանրային տարածքն ի վերջո կվերադարձնի հանրությանը:

Ընդ որում, այստեղ հարցը ունի նաև տարածական մեկ այլ չափում կամ խորություն: Լուծում պետք է փնտրի ոչ միայն կառավարությունը կամ հանրությունը: Վերջին հաշվով, լուծում գտնելու հարցում պետք է ավելի շահագրգռված լինեն սեփականատերերն իրենք: Ընդ որում, խոսքը հանրությանը պարտադրվող լուծման մասին չէ, այլ հանրության հետ համաձայնեցված, փոխհամաձայնեցված: Իսկ դրա տարբերակները շատ են, ընդ որում՝ բավականին շահեկան, ընդհուպ սեփականությունից հրաժարվելու դիմաց թեկուզ ուշացումով, բայց գուցե ավելի կարևոր բան ձեռք բերելու հնարավորությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments