Երեւանը հայտարարեց նոր իրավիճակի մասին. ինչ է սպասվում Արցախում

- in Հրապարակ
LGHH

Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը լինելու է երրորդը թավշյա հեղափոխությունից հետո: Առաջինը տեղի ունեցավ 2019-ի մարտի 12-ին:

Ընդ որում, առաջին եւ երրորդ նիստերի միջեւ կա հետաքրքիր զուգահեռ: Առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի ազդարարեց, որ Երեւանն ու Ստեփանակերտը հրաժարվում են մադրիդյան սկզբունքների հիմքով բանակցությունից:

Նիկոլ Փաշինյանը դիմեց համանախագահներին, կոչ անելով մեկնաբանել եւ հստակեցնել դրանք այնպես, որ հակամարտության որեւէ կողմ չմեկնաբանի յուրովի: Գործնականում դա անհնար խնդիր է, սակայն համանախաահների համար էլ թերեւս պարզ էր, որ Երեւանը ունի ոչ թե այդ խնդրի պատասխանի ակնկալիք, այլ սահմանում է նոր նշաձողեր եւ ձեւավորում նոր իրավիճակ գործընթացում: Պարզապես դա արվում է այնպես, որ փակուղի չստեղծվի նաեւ համանախագահների համար, որոնց Հայաստանը պետք է դիտարկի ոչ թե իբրեւ «արբիտր», այլ գործընկեր-խաղացող՝ ռազմա-քաղաքական եւ աշխարհքաղաքական բարդ գործընթացում:
Ստեփանակերտում տեղի ունեցող երրորդ նիստը խորհրդանշական կարող է լինել այն իմաստով, որ առաջինում փաստացի հայտարարելով «մադրիդյան սկզբունքների»մերժման մասին, երրորդ նիստից առաջ վարչապետը հրապարակել է նոր՝ մյունխենյան սկզբունքները: Նիկոլ Փաշինյանը դրանց վերաբերյալ գրառում է արել ֆեյսբուքում՝ Մյունխենում Փաշինյան-Ալիեւ բանավեճ-քննարկումից հետո:

«Մյունխենյան սկզբունքները» հայկական սկզբունքներն են, որոնց բովանդակությունն առավել ընդլայնված իմաստով Փաշինյանը թերեւս ներկայացրել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին հանրահավաքի ելույթում, ազդարարելով, որ բանակցության նպատակը պետք է լինի Արցախի շարժման եւ հաղթանակի պաշտպանությունը:

Ինչ կհնչի այդ ուղղությամբ Ստեփանակերտում սպասվող ԱԽ համատեղ նոր նիստում: Միեւնույն ժամանակ, պետք է թերեւս նկատել, որ «մյունխենյան սկզբունքներ» բնորոշումը խոշոր հաշվով պայմանավորված չէ լոկ Ալիեւի հետ քննարկման հանգամանքով:

Մյունխենըանվտանգության ամենամյա հեղինակավոր համաժողովի կենտրոնն է, որտեղ քննարկվում են միջազգային անվտանգության համակարգի կարեւորագույն հարցեր: «Մյունխենյան սկզբունքները» գործնականում համադրվում են այդ հանգամանքի՝ միջազգային անվտանգության հանգամանքի հետ, եւ դրանք Հայաստանի ու Արցախի լուման են, ներդրումն են համաշխարհային անվտանգության գործում, որի կայունության առանցքային գործոններից մեկը կովկասյան ռեգիոնի կայունությունն ու խաղաղությունն է: Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ ոչ թե տարածքի, այլ անվտանգության խնդիր է, իսկ անվտանգությունը չի զիջվում, խոսքը գործնականում վերաբերում է ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ միջազգային անվտանգությանը: Զիջել անվտանգությունն Արցախում, նշանակում է զիջել միջազգային անվտանգությունը: Եթե միջազգային անվտանգության որեւէ շահառուի համար դա պարզ չի եղել Արցախի ու Հայաստանի դեմ ապրիլյան ագրեսիայից, ապա կարող է պարզ լինել օրինակ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունից, որի կցորդն է Ադրբեջանը:

Այդ համատեքստում էլ իր հերթին խորհրդանշական իմաստ է ձեռք բերում Ալիեւի հետ քննարկմանը Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի բանակցության մասին հիշեցումը, որը Հայաստանում արժանացավ քննադատության՝ թե Եվրոպային կամ միջազգային հանրությանը դա հետաքրքիր չէր: Մինչդեռ, հիշատակման բուն ուղերձը գուցե հենց Եվրոպային էր, եւ ոչ թե պատմական սնապարծության իմաստով, այլ իրողության արձանագրման՝ թե դեռեւս Տիգրան Մեծի եւ Հռոմեական կայսրության ժամանակից ու՞մ հետ է Արեւմուտքը անվտանգության հարցում պայմանավորվել մեր ռեգիոնում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments