Երեւանի կոշտ հարվածն Էրդողանի Բաքու այցից առաջ

- in Վերլուծական

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է զինծառայողի կորստի մասին, որն ըստ այդ հաղորդագրության զոհվել է հայկական կրակոցից՝ Տավուշի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 24-ին հայտնել էր ադրբեջանական կրակոցից վիրավոր հայ զինծառայողի մասին: Ադրբեջանցիները կրակել էին Կոթիի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Ըստ Հայաստանի ՊՆ խոսնակի, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանցիները լռել են հայկական պատասխան կրակոցից հետո:

Հայկական կողմը փաստորեն կոշտ պատասխան է տվել ադրբեջանական սադրանքին:

Ինչու՞ է կրակել Բաքուն: Դա եղել է «ինքնագործունեություն» սահմանապահ ծառայությունում, թե՞ Ադրբեջանի կրակոցը պայմանավորված է ավելի լայն գործոններով, մասնավորապես Սիրիայում Իդլիբի շրջանում ռուս-թուրքական բախմամբ, որն արդեն բավականին լայն ընդգրկման գործընթաց է: Այդ համատեքստում, փետրվարի 25-ին Բաքու է մեկնում Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանի այցը հատկանշական է հենց ռուս-թուրքական իրադրության, այդ համատեքստում էլ մարտի 5-ին Թուրքիայում սպասվող Էրդողան, Պուտին, Մարկել, Մակրոն քառակողմ հանդիպման ֆոնին:

Ադրբեջանը «գնդակ» է ռուս-թուրքական խաղում, ընդ որում բավական հետաքրքիր վիճակում գտնվող գնդակ դեռեւս Իդլիբից առաջ էլ: Իդլիբի շուրջ իրավիճակը խորացնում է այն հանգամանքը, որում Ադրբեջանը հայտնվել է ռուս-թուրքական խաղում:

2019-ի դեկտեմբերին քաղաքական «օրհնություն» ստանալու համար պաշտոնական առաջին այցով Մոսկվա մեկնեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան: Դրանից անմիջապես հետո այդ երկրում հայտարարվեց խորհրդարանը լուծարելու մասին՝ «նախագահի քաղաքականությանը չհամապատասխանելու» հիմնավորումով, եւ նշանակվեց արտահերթ ընտրություն, որն էլ տեղի ունեցավ 2020 թվականի փետրվարի 9-ին:

Այդ ընտրությունը դիտարկվեց Ադրբեջանում ներիշխանական մրցակցության եւ իշխանության փոխանցման համատեքստում: Հատկանշական է, որ Ալիեւան «օրհնության» համար մեկնել էր Մոսկվա, ոչ թե Անկարա: Ինչպե՞ս է վերաբերել դրան Էրդողանը: Արդյոք նրա այցը Բաքու լինելու է այդ երկրում ներին իրավիճակի ռեվիզիա՝ Ռուսաստանի հետ մրցակցության համատեքստում: Էրդողանը գնում է Ալիեւին պահելու՞, թե՞ Ալիեւայի հետ պայմանավորվելու:

Երբ դա տեղի է ունենում արդեն Իդլիբում գրեթե անմիջական բախման ֆոնին, ապա գույները դառնում են ավելի խիտ: Այդ հանգամանքն էլ իր հերթին արդիական է դարձնում այն, որ Էրդողանը կարող է փորձել Ալիեւի միջոցով ճնշում բանեցնել Մոսկվայի վրա:

Փետրվարի 22-ին Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Երեւանն ու Սեփանակերտը հնչեցրին բավական կոշտ քաղաքական ուղերձ, որի խորքային իմաստը պարզ էր՝ Հայաստանն ու Արցախը թույլ չեն տա հայկական շահերն ու անվտանգությունը դիտարկել ռուս-թուրքական լարվածության լիցքաթափման «մանրադրամ»:

Ադրբեջանցիներն ըստ երեւույթին դրանից հետո որոշել են փորձել՝ Տավուշի ուղղությամբ, ու ստացել լուրջ պատասխան, որով Երեւանն ինչ որ իմաստով նաեւ սահմանափակել է Բաքվում Էրդողանի մանեւրի հնարավորությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments