Երեք անբարոյություն ողբերգության շուրջ. վերջ տվեք, դա չի ներվում

- in Կեղտոտ լվացք
Zinvor

Բանակում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ ողբերգական տեղեկությունը, որ միանգամայն հասկանալիորեն արժանացել է հասարակության վրդովմունքին եւ արձագանքին, «ծնել» է նաեւ երեք անբարոյություն:

Անբարոյություն առաջին՝ երբ նոր իշխանության հետ քաղաքական խնդիր ունեցող որեւէ շրջանակ կամ խումբ, լինի նախկին իշխանությունից կամ դրան հարող, դրանից սնվող, ողբերգական տեղեկությունն ու վերջին շաբաթներին այդպիսի մոտ մեկ տասնյակի հասնող դեպքերի հանգամանքը դարձնում է այդ քաղաքական խնդիրների լուծման գործիք: Այն դեպքում, երբ ակնառու է, որ հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհերի հանգամանքը խնդիր է, որը բանակին ուղեկցել է գրեթե ստեղծման իսկ օրից եւ ունի խորքային պատճառներ:
Դա ամենեւին չի նշանակում ողբերգությունների արդարացում: Բայց մի բան է հանրային արդարացի եւ խիստ պահանջը՝ խնդիրները լուծելու եւ ողբերգություններին վերջ տալու ուղղությամբ, մեկ այլ բան է ողբերգությունը սեփական անձնական կամ քաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործելը:

Երկրորդ անբարոյությունն այն է, որ մի շարք շրջանակներ էլ փորձում են առկա պատկերը եւ ողբերգական իրողությունը օգտագործել նախկին իշխանության, նախկին իշխող համակարգի հետ «հաշիվ մաքրելու» համար: Գործնականում, երկրորդը առաջինի կամ առաջինը երկրորդի որոշակի «հայելային» դրսեւորում են:

Եթե կա որեւէ ապացույց, որ որեւէ զինվորի մահվան մեջ էական նշանակություն է ունեցել այդօրինակ որեւէ հանգամանք, ապա իրավիճակն այստեղ ստանում է իհարկե բոլորովին այլ բնույթ: Բայց, քանի դեռ չկա որեւէ այդպիսի ապացույց, կամ առավել եւս քանի դեռ կողմերից որեւէ մեկն իր գնահատականների հետ չի ներկայացնում անգամ ողջախոհ կասկածի հիմք, իրավիճակը հանգում է անբարո շահարկման: Այն դեպքում, երբ գործ ունենք կյանքի հետ՝ մարդկային կյանքի, որի վրա չի կարելի հավաքել էժան դիվիդենտներ: Դա չի ներվում՝ ժամանակի ու տարածության մեջ, չի ներվում երկրի վրա ու չի ներվում երկնքում:

Եվ երրորդ անբարոյությունը՝ ողբերգության ֆոնին դարձյալ հայաստանցի-արցախցի խոսակցության ծավալումը, Հայաստանից Արցախ ծառայության հանգամանքի շահարկումը: Դա գործնականում աղերս ունի ոչ միայն անբարոյականության, այլ պետական ու ազգային անվտանգության հետ: Այդ իմաստով, թերեւս արժե անգամ մտածել այդօրինակ երեւույթները Քրեական օրենսգրքում սահմանելու եւ քրեաիրավական գնահատականի հիմքեր ստեղծելու մասին, որովհետեւ դրանք ուղղակի հարված են պետականության եւ ազգային միասնության, կամ համազգային այն կոնսենսուսի հիմքին, որի մասին Ստեփանակերտում խոսել էր վարչապետ Փաշինյանը եւ հիշեցրել այդ խոսքը օրեր առաջ:

Կա նաեւ անբարոյության մեկ այլ դրսեւորում, որը սակայն թերեւս ավելի աղերս ունի պատեհապաշտ մանրախնդրության հետ, երբ ինչ որ մարդիկ կարող են ողբերգության ֆոնին զբաղվել անձնական լոբբինգով: Դա թերեւս միջանցիկ քամի է, կանցնի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments