Զոհրաբ Մնացականյանը բացատրել է Մյունխենյան սկզբունքները

- in Պաշտոնական

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օգտագործեց «Մյունխենյան սկզբունքներ» ձևակերպումը:

Նա նշեց, որ այդ սկզբունքներն արտահայտում են այն դիրքորոշումները, որոնք ձևավորված են Հայաստանի կողմից և որոնց շուրջ Հայաստանն աշխատում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մյունխենյան սկզբունքները՝ վարչապետի կողմից արտահայտված, ավելի համապարփակ կերպով արտահայտում է այն, ինչ խոսվեց Մյունխենում: Դրանք համալրում են մեր այդ մոտեցումները, որովհետև Մյունխենյան սկզբունքների մեջ չի արտահայտվում որևէ բան, որը վերափոխում է, վերաձևավորում է մեր դիրքորոշումը, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ»,- ասաց Մնացականյանը:
Անդրադառնալով Մյունխենում կայացած Ալիև-Փաշինյան դեբատին, որի ձևաչափը քննադատությունների ենթարկվեց, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ղեկավարներն են որոշել, թե ինչպես կուզեն ներգրավվել այս ձևաչափի մեջ: Երևույթն, ըստ Մնացականյանի, դրական է, քանի որ ղեկավարների մակարդակով բաց զրույցում քննարկվում են հարցեր: «Այստեղ կա մտահոգիչ խնդիր, որը վերաբերում է միգուցե մեր համակարգերի տարբերությանը, որովհետև այն մեկնաբանությունները, որոնք ես տեսա ադրբեջանական մամուլում ու տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք պրոպագանդիստական ծայրահեղ մակարդակի էին հասցված, դրանք մեղմ ասած՝ օգտակար չեն և անընդունելի են»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ հայ հասարակության մեջ ունենք ավելի բաց քննարկում: «Հարց եղավ՝ արդյոք կարգավիճակի հարցն անտեսվո՞ւմ է, ոչ, չի անտեսվել ու չի կարող անտեսվել, անտրամաբանական է նման կերպ գնահատել: Մեր դիրքրոշումը մնում է կայուն, այն արտահայտված է տարբեր ձևաչափերով, Մյունխենյան սկզբունքների արտահայտությունը նաև համալրումն է այն մոտեցումների, որոնք կայուն են և ունեն իրենց արտահայտությունը բոլոր հնարավոր ձևաչափերով:

Հայաստանը եղել ու մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ այդ շրջանակներում մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք վարչապետ Փաշինյանն արտահայտեց նաև Մյունխենյան սկզբունքներում: Լուծումներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում: Իսկ փոխզիջումը նշանակում է ճանապարհ, որն ունի երկու ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել: Այդ առումով մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում են ԼՂ մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է ստատուսի հարցը»,- ասաց նախարարը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համոզմամբ՝ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում:

Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Վաշինգտոնի կողմից առաջարկված Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման պլանին («Դարի գործարք»):
«Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է: Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը որպես 1967թ. գրավված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի՝ երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը:

«Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրագործմամբ՝ անկախ պետության ստեղծման ձգտմանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հավատացած է, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը կհարստացնի և որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկրների երկկողմ օրակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց փետրվարի 24-ին, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի և Սլովակիայի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններ են ձևավորել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համակրանքի վրա: Հավատացած եմ, որ Հայաստանում Սլովակիայի դեսպանության հիմնումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի և կհարստացնի մեր երկկողմ օրակարգը»,- ասաց նախարարը:
Մնացականյանը նշեց, որ Միրոսլավ Լայչակի հետ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

«Կորոնավիրուսը մարտահրավեր է բոլոր երկրների համար, և համագործակցության միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, հաղթահարելու այս վարակը, մեզ համար կարևոր մոտեցում է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իրանի հետ ցամաքային սահմանը փակելու հարցին:

Նա նշեց, որ հայկական կողմն այս հարցով աշխատել և սերտ աշխատում է Չինաստանի հետ: «Մենք հիմա սերտ աշխատում ենք նաև Իրանի հետ, որպեսզի ձևավորենք ավելի կոնկրետ քայլեր, որոնք վերաբերում են այս վարակի հաղթահարմանը: Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է, որ մենք սերտ համագործակցում ենք մեր բարեկամ Իրանի իշխանությունների, ժողովրդի ու կառավարության հետ, որպեսզի միասին գտնենք ճանապարհները՝ լավագույնս աշխատելու այս ուղղությամբ»,- հավելեց նախարարը:
Ինչ վերաբերում է Իտալիայում արձանագրված կորոնավիրուսի դեպքերին, Մնացականյանն ասաց, որ այս հարցը ևս չէր կարող վրիպել Հայաստանի կառավարության ուշադրությունից:

«Այստեղ նույնպես մենք դիտարկում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի պաշտպանված լինի մեր բնակչությունը, և աշխատել միասին, որպեսզի թույլ չտանք համաճարակի տարածումը: Սա է ընդհանուր տրամաբանությունը, կոնկրետ քայլեր են ձեռնարկվում այս վերջին դեպքերով, ինչ վերաբերում է մյուս օջախներին, այդ ուղղությամբ նույնպես աշխատանք կտարվի, ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ»,- նշեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments